Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ այցելում է Իսրայել՝ նպատակ ունենալով վերականգնել Գազայի պատերազմի ժամանակ խաթարված ավանդական ամուր կապերը։ Մերցը նախ Հորդանանում հանդիպել է Աբդուլահ II թագավորի հետ, ապա երեկոյան ժամանել Իսրայել։ Կիրակի օրը Երուսաղեմում նախատեսված է նրա հանդիպումը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այցի շրջանակներում կանցլերը նաեւ կայցելի Հոլոքոստի «Յադ Վաշեմ» հուշարձանը՝ ընդգծելով Գերմանիայի պատմական պարտավորությունը հրեաների նկատմամբ։
Մերցը այցից առաջ հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ՝ քննարկելով Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման հեռանկարները։ Նա ընդգծել է Գերմանիայի աջակցությունը երկու պետությունների ստեղծման որոշմանը եւ կոչ արել Պաղեստինին իրականացնել անհապաղ բարեփոխումներ՝ պատերազմից հետո կարգավորման գործում կառուցողական դեր ունենալու համար։ Կանցլերը նաեւ իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին՝ ողջունելով Պաղեստինի ազգային ինքնավարության դիրքորոշումը։
Գերմանիայի եւ Իսրայելի հարաբերությունները վերջին ամիսներին լարված էին՝ կապված Գազայի պատերազմի եւ ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետ։ Մերցը բազմիցս քննադատել է Իսրայելի ռազմական գործողությունները, սակայն հրադադարի համաձայնագրից հետո Գերմանիան վերացրել է զենքի արտահանման սահմանափակումները։ ՄԱԿ-ը շարունակում է զգուշացնել, որ Գազային բավարար մարդասիրական օգնություն չի տրամադրվում։

