fbpx
Իրավական

Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի: Այս մասին հայտնել է պաշտպանը՝ Լևոն Սահակյանը: Միջնորդությունը քննիչին ներկայացվել է տոներից առաջ: Պաշտպանը մեկնաբանեց՝ ինչու է այդ հարցաքննությունը կարևոր:

«Ձերբակալումից մի քանի օր առաջ Լոռեցյանը դիմում էր ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Մասնավորապես խնդրել էր նախարարին, որպեսզի վերջինս միջնորդի վարչապետին իրեն աշխատանքից ազատելու համար: Մեր այդ դիմումը կարծում ենք՝ գործի համար էական նշանակություն ունի. մասնավորապես, եթե մեղադրանք է առաջադրվել, որ այս կամ այն ընկերությանը նա իր աջակցությունն էր պատրաստվում ցուցաբերել իր պաշտոնական դիրքի հետ կապված, այս ամենն ապացուցում է այն, որ նա նման մտադրություն չի ունեցել, ավելին՝ նույնիսկ պատրաստվել է աշխատանքից դուրս գալ: Հիմա մենք չգիտենք՝ համապատասխան խուզարկությունների արդյունքում այդ դիմումը քննիչն առգրավել է, թե ոչ, ուստի մենք միջնորդել ենք, որպեսզի հարցաքննվի նախարարը, որպեսզի այս ամենի վերաբերյալ տա համապատասխան ցուցմունք»,- ասաց Սահակյանը՝ ավելացնելով, որ չգիտի, թե ինչու է Լոռեցյանը ցանկացել հեռանալ աշխատանքից:

Լոռեցյանը ձերբակալվել և ապա կալանավորվել է դեկտեմբերի սկզբին: Դեկտեմբերի 7-ին նրան, նրա վարորդին և ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Լոռեցյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, սակայն մերժվել է, և Լոռեցյանը մնացել է կալանավորված: Դեկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նա ազատվել է պաշտոնից:

Աղբյուրը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ