Խորհրդարան
16:30 19/12/2019

Առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները․ Գևորգ Պապոյանը՝ ապօրինի որդեգրումների մասին

Նման դեպքերի համար առաջին հերթին քաղաքական պատասխանատվություն են կրում նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ղեկավարությամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ ամբոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով երեխաների ապօրինի որդեգրման սկանդալային բացահայտմանը:

«Միայն վերից վար կոռումպացված, հովանավորչությամբ երկրում էր հնարավոր 1, 2, 5 ,10, 15, 50, 100 երեխայի վաճառել և պատասխանատվություն չկրել, որովհետև միայն հովանավորչության, մեխանիզմների առկայության պարագայում է հնարավոր կատարել այդպիսի գործողություններ և որևէ պատասխանատվություն չկրել»,-ասաց նա։

Պատգամավորը հայտարարեց, որ նոր Հայաստանում ոչ միայն նման դեպքեր չեն լինելու, այլև քաղաքական աղբամանը նետված քաղաքական ուժերի գործողություններին տրվելու են իրավական գնահատականներ:

«Մարդիկ, ովքեր դիմել են այդ գործողություններին, խորին համոզվածություն են ունեցել, որ երբևէ պատասխանատվություն չեն կրելու: ՀՀ-ն ու հայ ժողովուրդն ապացուցել են, որ Հայաստանն Ադրբեջան չէ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում է որդուն, որդուց՝ կնոջը, կամ փեսային, և հետևաբար՝ գալու էր պատասխան տալու ժամանակը, և այդ ժամանակը եկել է»,-նշեց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ