Մշակույթ
06:00 17/01/2020

Գեղարքունիքի մարզում կանցկացվի Լավաշի փառատոն

2020 թվականի օգոստոսի սկզբին Ծաղկունք համայնքում կանցկացվի «Լավաշի միջազգային օր» միջոցառումը, որը կդառնա ավանդական փառատոն՝ յուրաքանչյուր տարի կազմակերպվելով բովանդակային տարբեր ծրագրերով:

Փառատոնն առավել հանրայնացնելու և «Լավաշի միջազգային օր» հռչակելու նպատակով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Միջոցառմանը նախատեսվում է ներգրավվել նաև մարզի արտադրողներին, որոնք հնարավորություն կունենան վաճառելու սեփական արտադրանքը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորել է միջազգային նշանակության փառատոների կամ միջոցառումների կազմակերպման ու անցկացման անհրաժեշտությունը և բարձր գնահատել այս առումով 2019 թվականին արձանագրված ձեռքբերումները:

«Նախորդ տարի մենք արձանագրեցինք տեսանելի արդյունքներ ձկան, ավելուկի, փռի ու տարբեր փառատոների կազմակերպման ու անցկացման շնորհիվ: Դրանք մենք դարձնելու ենք ավանդական, որպեսզի հնարավորինս կարողանանք ճանաչելի դարձնել մեր մարզը, նպաստել տնտեսության զարգացմանը, մեր տեղն ապահովել միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա: Մենք ոչ միայն մասնակցություն կունենանք փառատոնին, այլև կցուցաբերենք լայն աջակցություն և համագործակցություն: Առաջիկայում հերթական հանդիպումը կկազմակերպենք Ծաղկունքում՝ տեղում քննարկելով կազմակերպչական խնդիրներ: Մենք պատրաստ ենք մեր հնարավորությունները, ուժերն ու եռանդը ներդնելու այս հետաքրքիր ու օգտավետ նախաձեռնությունը կյանքի կոչելու, այն ավելի բովանդակալից և արդյունավետ դարձնելու համար»,-նշել է մարզպետ Սանոսյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ