fbpx
Մարզեր

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է համայնքների նորընտիր ղեկավարներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց և շնորհավորեց Գեղարքունիք, Լճափ և Վանևան համայքների նորընտիր ղեկավարներ Արայիկ Աբրահամյանին, Արսեն Հովսեփյանին և Իգոր Հարությունյանին, ովքեր հաղթող էին ճանաչվել այս տարվա սեպտեմբերի 29-ին կայացած ընտրություններում: Մարզպետը համայնքների ղեկավարներին մաղթեց արգասաբեր աշխատանք, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

«Շնորհավորում եմ ձեզ բարդ, պատասխանատու և պատվաբեր պաշտոններում ընտրվելու համար: Կարծում եմ, որ երեք բառերն էլ հստակ հուշում են, թե ինչ աշխատանք է ձեզ սպասում: Անշուշտ, ձեզ կգնահատեն լավ աշխատանքի դեպքում այնպես, ինչպես այսօր մարդիկ գնահատում են դեռևս խորհրդային տարիներին իրենց լավագույն կողմերով դրսևորած ղեկավարներին: Դուք նաև շատ նպաստավոր ժամանակահատվածում եք ընտրվել, երբ ձեր համայնքի շահերին հակառակ որևէ անօրինական պահանջ ձեր առջև չի դրվելու: Ձեզ մնում է համագործակցված աշխատել մարզպետարանի հետ, ամեն ինչ անել միայն օրենքի շրջանակներում:

Ձեզ մոտ բացառեք հետընտրական շրջան հասկացությունը և ձգտեք համայնքները պահել խաղաղության ու միասնության մթնոլորտում: Առանձնակի ուշադրություն դարձրեք սեփական եկամուտների հավաքագրումներին, որպեսզի դրանք ուղղեք սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների կարգավորումներին, որոնք ձեզ մոտ ավելի շատ են կուտակված: Սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու համար աշխատեք ներգրավել տեղի գործարարներին կամ բարերարներին: Հիմա վեր հանեք առաջնահերթ խնդիրները, որպեսզի ձմռան ընթացքում մենք համատեղ կարողանանք նախապատրաստել բոլոր փաստաթղթերը և ամռանը սկսենք շինարարական աշխատանքները: Ինչպես ասում են՝ ի գործ»,-ասաց մարզպետը:

Համայնքների նորընտիր ղեկավարները հույս հայտնեցին, որ մարզպետարանի հետ կաշխատեն արդյունավետ ու երկար և լավ հետագիծ կթողնեն իրենց գործունեության ընթացքում:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ