Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց մարզում մեկնարկած սուբվենցիոն առաջին ծրագրի ընթացքը

Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը տրվեց Գեղհովիտ համայնքից, որտեղ նույն ծրագրի շրջանակներում այս պահին ասֆալտապատվում է գյուղի կենտրոնական փողոցը՝ մոտ 800 մետր երկարությամբ ու շուրջ 5000 քառակուսի մետր մակերեսով: Մարզում մեկնարկած սուբվենցիոն առաջին ծրագրի իրականացման ընթացքին տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը դիտարկում անցկացրեց շինհրապարակում՝ համապատասխան ցուցումներ տալով շինարարներին ու հրահանգեց՝ խստիվ պահպանել շինարարության որակը, նպատակային ծախսել տրամադրված միջոցները:Շրջայցից հետո Գնել Սանոսյանը ներկայացրեց մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվություն: «Մենք ՀՀ կառավարություն ենք ներկայացրել 112 սուբվենցիոն ծրագիր, որոնցից առաջինն, ինչպես տեսնում եք, արդեն կյանքի է կոչվում Գեղհովիտում: Այսօրվա դրությամբ ՀՀ կառավարության կողմից ունենք հաստատված 36 ծրագիր, իսկ առաջիկա շաբաթներից յուրաքանչյուրի ընթացքում հաստատված կունենանք մինչև 15-20 ծրագիր: Կարծում եմ, որ մեկ ամսվա ընթացքում հաստատված ու մեկնարկած կլինեն բոլոր ծրագրերը, որոնք հիմնականում ընդգրկում են ճանապարհների, կրթական ու նախակրթական հաստատությունների, խմելու ու ոռոգման ջրատարների նորոգման կամ կառուցման ոլորտները: Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարության ու համայնքների կողմից կատարված ներդրումների ընդհանուր արժեքը կազմելու է ավելի քան 6 միլիարդ դրամ: Ես անձամբ լինելու եմ շինարարական բոլոր տեղամասերում՝ աշխատանքների ընթացքը դիտարկելու և որակական կողմի ապահովմանը մշտապես հետևելու նպատակով:

Համապատասխան վերահսկողություն կիրականացվի նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից, որպեսզի հատկացված միջոցները ծախսվեն արդյունավետ ու նպատակային»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Ինչպես տեղեկացրեց Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը՝ փողոցի ասֆալտապատման նախագծանախահաշվային արժեքը կազմել է մոտ 41 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գեղհովիտի գյուղապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հունիսի 11-ից և կավարտվեն մոտակա օրերի ընթացքում: « Սա հույժ կարևոր ծրագիր էր մեր համայնքի համար, կարելի է ասել՝ տարիներ ի վեր սպասված ծրագիր, որով այս ճանապարհը կապվում է մեր գյուղի միջով անցնող Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին՝ թեթևացնելով այդ ճանապարհի երթևեկության բեռը: Մեր հաջորդ սուբվենցիոն ծրագիրը, որը վերաբերում է ոռոգման համակարգի կառուցմանը, սպասում է կառավարության հաստատմանը: Հուսանք, որ այդ կենսական նշանակության ծրագիրը ևս կավարտենք այս տարվա ընթացքում»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Ամենաթարմ