fbpx
Իրավական

17:58 13/8/2019

Ղուշչյան-Ալեքսանյան գործի վարույթը կասեցվել է

Հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի և ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցվել է։ Այս մասին Pastinfo.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Վարույթը կասեցվել է Քրդատօրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ։

Հիշեցնեք, որ Ղուշչյանը Hraparak.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը:

Մարտի 4-ին դատախազությունը հայտարարել էր, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։

Արդյունքում՝ մարտի 29-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առևանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։

Հարուցված քրեական գործով Համլետ Ղուշչյանը հարցաքննվել էր ապրիլի 17-ին, ավելի ուշ` ապրիլի 30-ին, հարցաքննվել էր նաև Սամվել Ալեքսանյանը: Հունիսի 5-ին նրանց միջև տեղի էր ունեցել առերեսում, բայց քննությամբ մեղադրյալի ինքնությունը պարզել չի հաջողվել։

Աղբյուրը՝ Pastinfo.am

Վերեվ