Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։
Նախարարությունից հիշեցնում են, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։
Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում։
Ինչպես արդեն հայտնել էին ՊՆ-ից, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր, ժամը 14։00-ին։