fbpx
Կրթություն

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների շրջանակը կհստակեցվի

ՀՀ կառավարության՝ ապրիլի 22-ին կայացած նիստում հավանության է արժանացել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Որոշման ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու գործընթացները կկատարելագործվեն, դրանք կդառնան ավելի պարզ և հասկանալի շահակից տարբեր խմբերի համար, սահմանված նվաճումները համահունչ կլինեն կրթության և գիտության արդի պահանջներին:

Արձանագրված խնդիրներ․

Գործող տարկետման համակարգը չի նպաստում ՀՀ կրթագիտական ոլորտի զարգացմանը, իսկ սահմանված ցուցանիշները, որոնք ունենալու համար քաղաքացին համարվում է բացառիկ նվաճում ունեցող, համարժեք չեն «նշանակալի նվաճում» հասկացությանը: Հաճախ արտերկրում կազմակերպվում են մատչելի միջազգային գիտաժողովներ, որտեղ ներկայացված նյութերն առանց գրախոսության տպագրվում են: Արդյունքում՝ գրեթե միևնույն նյութը գնահատվում է մի քանի անգամ: Նմանատիպ գիտաժողովների նյութերը ֆորմալ բավարարում են Կառավարության որոշման պահանջներին, սակայն գիտական գործունեության հետ երբեմն ուղղակի առնչություն չունեն: Հետևաբար, նմանօրինակ գիտական կոնֆերանսներին մասնակցությունը չի կարող համարվել նշանակալի նվաճում: Գործող հաշվարկի մեթոդաբանությունը և բալային համակարգը, որը կիրառվում է գիտական կենտրոններում գիտնականների գիտական գործունեության արդյունավետության չափման համար, կիրառելի չեն ուսանողների պարագայում և գործընթացները դարձնում են ոչ ընկալելի և չափելի: Հետևաբար, առաջարկվող փոփոխությունների նպատակն է որոշակիացնել նվաճումների շրջանակը, իսկ գնահատումը դարձնել հստակ և տեսանելի:

Առաջարկվող լուծումներ

Որոշմամբ սահմանվել է, որ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճում է համարվում ուսումնառության շրջանակում միջին որակական գնահատականի (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակում) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշ ունենալու և դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝

տվյալ մասնագիտության գծով «Վեբ օֆ նոլիջ (Web of Knowledge)» կամ «Սկոպուս (Scopus)» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում առնվազն մեկ (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդված ունենալու, կամ

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակման տարվա ցանկում ընդգրկված ամսագրերում տվյալ մասնագիտության գծով մագիստրատուրայում սովորելու համար առնվազն երկու, իսկ ասպիրանտուրայում սովորելու համար առնվազն երեք (հեղինակությամբ կամ համահեղինակությամբ)՝ հղման ենթակա, հրապարակված գիտական հոդվածներ ունենալու հանգամանքը:

Առաջարկվող փոփոխություններով կարգավորվում է նաև ասպիրանտուրայում սովորող և հայտարարված զորակոչի ընթացքում ատենախոսության պաշտպանության օրը պաշտոնապես նշանակված կամ ատենախոսությունը ՀՀ-ում կամ այլ պետությունում պաշտպանած, բայց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատումը կամ օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը ՀՀ գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցումը դեռ չստացած անձանց տարկետման հարցը:

Սա թե՛ քաղաքացիներին, թե՛ պետական համապատասխան մարմիններին հնարավորություն կտա գործընթացները կազմակերպել ավելի արդյունավետ՝ առանց սահմանված ժամկետների խախտման:

Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվել է նաև ընդունելի վարկանիշավորման ցանկերի շրջանակը:

Փոփոխությունների մի մասը ուժի մեջ է մտնելու 2023 թվականի մարտի 1-ից, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ու ժամանակ ունենան և ուսումնառության ընթացքում ձեռք բերեն վերոնշյալ փոփոխություններով ամրագրված նվաճումները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ