fbpx
Իրավական

Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանին չարտահանձնելու տեղեկության մասին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ այն տեղեկությունը, որ Չեխիայի արդարադատության նախարարն Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել, ասեկոսե է։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։

«Ես այդ լուրերը գնահատում եմ ասեկոսեներ, որովհետև պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ ո՛չ բավարարման, ո՛չ մերժման որոշում չունենք», – ասաց Դավթյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 18–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ ՍԵրժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Չեխիայի արդարադատության նախարարը Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:

Նշենք, որ Չեխիայի օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշում պետք է կայացնի Չեխիայի արդարադատության նախարարը։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում անցած տարվա դեկտեմբերին: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով:

2018 թվականի դեկտեմբերի 28-ին Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ