fbpx
Հասարակություն

Գնդեվազցիները պատրաստ են վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները

Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի որոշ բնակիչներ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները, հայտնում է Ecolur-ը:

Այս հայտարարությունը նրանք արել են փետրվարի 9-ին Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ Գնդեվազում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Ըստ նրանց` մեծ մասն իրենց հողերը ստիպված են վաճառել ընկերությանը հանքավայրի ենթակառուցվածքների կառուցման համար, որովհետև մեծ հողակտորներն արդեն վաճառված էին, եթե իրենք հրաժարվեին, միևնույնն է, այդ հողը կճանաչվեր բացառիկ գերակա հանրային շահ, և իրենց ձեռքից կվերցնեին:

«Այդ 3-4 միլիոն դրամը մեզ համար ոչ մի նշանակություն չունի մեր ձեռքից վերցված հողերի համեմատությամբ»,- ասել է մի գնդեվազցի:

Ելույթ ունեցողներից երկրաբան Հայկարամ Արսենյանը նշել է, որ եթե Ամուլսարի հանքն աշխատի, պայթեցումներից առաջացած փոշին քամու միջոցով կգա դեպի Գնդեվազ և կաղտոտի համայնքի հողատարածքները:

«Կարծում եմ՝ բոլորդ ուզում եք առողջ ապրել և ձեր տանն ապրել: Բայց այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հանքը մեծ վտանգ է մեր առողջության, կյանքի, առավել ևս մեր հետագա սերունդների համար: …Այսօր կշեռքի նժարների վրա է դրված Ջերմուկ հանքաջրաբուժական առողջարանը և հանքը»,- իր ելույթում մասնավորապես ասել է Ջերմուկի ավագանու անդամ, բժիշկ Հասմիկ Սարգսյանը:

Քննարկման ընթացքում մասնակիցները վերահաստատել են Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին դեմ լինելը:

Մանրամասները` տեսանյութում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ