Google-ը ցուցադրել է իր առաջին ծալովի սմարթֆոնը՝ Pixel Fold-ը, որի պաշտոնական պրեզենտացիան տեղի կունենա մայիսի 10-ին՝ Google I/O 2023 կոնֆերանսի շրջանակում: Առայժմ ընկերությունը սմարթֆոնի բնութագրերի մասին որևէ մանրամասն չի հայտնում։
Այդուհանդերձ, ընկերության հրապարակած թիզերում երևում է, որ սմարթֆոնը բավականին մեծ էկրան ունի, բացվում է այնպես, ինչպես Samsung Galaxy Z Fold սարքերը: Հետևի պանելը, հատկապես տեսախցիկի բլոկը, նման է Pixel-ի այլ սարքերին, բայց այնքան էլ դուրս ցցված չէ։
Ավելի վաղը տեղեկություններ կային, որ Pixel Fold-ը կունենա 5,8 դյույմանոց էկրան, իսկ բացված ժամանակ էկրանի չափը կդառնա 7,6 դյույմ: Ինչ վերաբերում է մարտկոցի աշխատաժամանակին, ապա ակնկալվում է, որ կանոնավոր օգտագործման դեպքում Pixel Fold-ը կաշխատի մինչև 24 ժամ, իսկ էներգախնայող ռեժիմի ակտիվացման դեպքում՝մինչև 72 ժամ։
Հաղորդվում է, որ սմարթֆոնը կունենա Google Tensor G2 պրոցեսոր, կկշռի 283 գ և կունենա «ամենակայուն ծխնին ծալվող սմարթֆոնների մեջ», իսկ գինը կկազմի 1700 դոլար։ Համեմատության համար նշենք, որ Samsung Z Fold 4-ը մեկնարկի պահին արժեր 1799 դոլար:
Սպասվում էր, որ Google-ի առաջին ծալովի սմարթֆոնը կթողարկվեր անցյալ տարի, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ: Փոխարենը, Google-ն այս ընթացքում կենտրոնացել է Android-ին սովորեցնելու վրա, թե ինչպես ճիշտ աշխատել ծալովի էկրանների հետ, ինչը կարող է արդյունք տալ թե՛ այս սմարթֆոնի և թե՛ նոր Pixel պլանշետի թողարկմամբ: