fbpx
Տնտեսություն

10:50 16/8/2019

Գործազրկությունը Հայաստանում. ԱՎԿ տվյալները մանիպուլյատիվ են մեկնաբանվում. FIP

«Փաստերի ստուգման հարթակը» (հոդվածի հեղինակ Արմիկ Հակոբյան) գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշված էր. «2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով»:

Վերոնշյալ գրառմանն ի պատասխան՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սեփական թվերն էր հրապարակել իր ֆեյսբուքյան էջում․ «Բացեք ԱՎԿ (խմբ. Ազգային վիճակագրական կոմիտե) պաշտոնական կայքը և կտեսնեք, որ գործազուրկների թիվը ավելացել է 6.7%-ով. 237 000-ից դառնալով 253 000»։ Թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Հրանտ Բագրատյանի գրառումները լայնորեն լուսաբանում ստացան հայաստանյան լրատվամիջոցների կողմից։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրեց ԱՎԿ պաշտոնական կայքը՝ պարզելու, թե արդյոք գործազուրկների թիվն ավելացել է, և ինչպե՞ս է այդ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում գործազրկության նվազում։

Գործազուրկներ (պաշտոնապես գրանցված) համարվում են աշխատանք փնտրող աշխատունակ և գործունակ այն չզբաղված անձինք, ովքեր չեն ստանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ (բացառությամբ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի տեսակների), աշխատանքի տեղավորման նպատակով հաշվառված են զբաղվածության պետական ծառայությունում, պատրաստակամ են անցնելու հարմար աշխատանքի և ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն իր գրառման մեջ անդրադարձել է 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների թվին, որն ԱՎԿ տվյալներով ճիշտ է, սակայն այստեղ հատկանշական է, որ պաշտոնապես գրանցված գործազուրկ են համարվում այն քաղաքացիները, որոնք աշխատանք չունենալու դեպքում գրանցվում են զբաղվածության պետական գործակալության զբաղվածության կենտրոններում։ Այս թիվը չի արտացոլում երկրում բնակվող գործազուրկների ամբողջական պատկերը։

Բացի պաշտոնապես գրանցված գործազուրկների թվից ԱՎԿ-ն ներկայացնում է նաև սեփական՝ աշխատուժի հետազոտության հարցումների հիման վրա ձևավորված տվյալներ։ ԱՎԿ պաշտոնական կայքում դեռևս ներկայացված են միայն 2019-ի առաջին եռամսյակի գործազրկության տվյալները, որոնք իր գրառման հիմք է դարձրել Հրանտ Բագրատյանը։ Ըստ այդ տվյալների՝ գործազրկությունը 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ իսկապես աճել է 6.7%-ով։ 2018 թվականի առաջին եռամսյակին գործազուրկների թիվը կազմել է 237 600 մարդ, իսկ 2019 թվականին՝ 253 600 մարդ։

Այսպիսով՝ Հրանտ Բագրատյանն արձանագրում է գործազուրկների թվի աճ՝ ներկայացնելով 2019-ի առաջին եռամսյակի տվյալները հիմնված ԱՎԿ հարցումների հիման վրա, սակայն չի ընդգծում ժամանակահատվածը՝ այն համեմատելով Նիկոլ Փաշինյանի՝ այս տարվա առաջին կիսամյակի համար ներկայացրած թվերի հետ։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է միայն պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը, որը չի արտացոլում երկրում գործազուրկների ամբողջական պատկերը։ Երկու դեպքում էլ առկա է վիճակագրական տվյալների մեկնաբանման մանիպուլյացիա»։

Վերեվ