Հասարակություն

ԱՀ-ի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100,000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։

Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս կվարձատրվի՝ ամսական 34,000 դրամի չափով:

Մյուս ծրագիրը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում»-ն է, որի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:

Նույն անձը չի կարող ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի վարձատրվող հասարակական աշխատանքներում։

Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է:

Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ www.employment.am կայքում լրացնելով համապատասխան դիմումը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ