Մշակույթ
09:57 20/05/2020

Տարոն Ավետիսյան. Ելք միշտ էլ կա, ամեն պարագայում

Գործիքավորող, երաժիշտ Տարոն Ավետիսյանի գործունեության սահմանները լայն են ու բազմաբովանդակ: Իր հիմնադրած ստուդիայում բազմաժանր գործիքավորումներ, վոկալի և ստեղնաշարարի ուսուցում ու ձայնագրոթյուններ է անում: Համատեղ աշխատում է Հայաստանի ֆիլհարմոնիայի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում՝ որպես գործիքավորող և շվիահար:

Նրա գործունեության, կյանքի և առհասարակ մշակույթի մասին զրույցը ներկայացնում ենք ստորև.

-Այս պահին գործնական ինչպիսի՞ զբաղվածություն ունեք։

– Այս պահին զբաղվում եմ երաժշտական և մանկավարժական գործունեությամբ. Նաև արվեստի դպրոցում աշխատում եմ որպես մանկավարժ, նվագախմբի ղեկավար: Նախկինում իմ նախաձեռնությամբ հիմնադրված ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի ստացված աշխատանքն ու փորձը և երկար տարիներ Հանրային ռադիոյի Սայաթ –Նովա աշուղական երգի պետական անսամբլի հետ աշխատանքի ընթացքում ձեռք բերած գիտելիքներս փոխանցում եմ մատաղ սերունդին: 14 տարի աշխատել եմ Ջիվանու անվան դպրոցի սաների հետ, այժմ էլ աշխատում եմ իմ ստուդիայում՝ վոկալի պարապմունքներ անելով: Երեխաների հետ հաճելի է աշխատել. Դա ինձ ավելի է ուժ տալիս կատարելագործվելու և փորձս իրենց փոխանցելու:

-Զուգահեռներ անցկացնենք ձեր այսօրվա փոքրիկ սաների և ձեր մանկության միջև. Ինչպիսի՞ երեխա եք եղել։

-Ես երազկոտ եմ: Ինձ համար միշտ նպատակ եղել է երևակայությունը իրականության փոխադրելը: Ինձ համար կան բարի և գեղեցիկ գույներ, պատկերներ, հնչյուններ, նոտաներ: Երեխաների մոտ, ինչպես իմ մանկության ժամանակ, աշխարհը նույնն է: Կարծում եմ՝ միշտ երջանիկ է նա, ով իր միջի մանուկին կարողանում է պահել, պահպանել, չկոտրել հասուն տարիքում՝ հակառակ կյանքի հրամցրած խնդիրներին ու դժվարություններին: Մենք ֆիզկիապես ենք մեծանում, բայց հոգեպես նույնն ենք, ուղղակի տարիների մեջ մի բան փոխվում է, դա հոգու հարստությունն է, որ մեզ ավելի կայուն, բարի և երջանիկ է դարձնում:

-Երաժիշտների ընտանիքից լինելը դրակա՞ն, թե՞ բացասական անդրադարձ ունեցավ Ձեր մասնագիտական կայացման հարցում։

-Դրական։ Դրանք փոխանցվող գեներ են: Չգիտեմ մի կայացած երաժշտի, ով միայն իր աշխատասիրության հաշվին դառնա երաժիշտ: Դա բնատուր շնորհ է: Կան նաև տաղանդներ, որ չեն բացահայտվում մինչև չեն սկսում խորանալ այդ աշխարհի մեջ:

-Ըստ ձեզ ինչ մակարդակի վրա է այսօր մեր երգարվեստը և առհասարակ հայկական մշակույթը

-Ազգերն իրարից տարբերվում են իրենց ազգային մշակույթով: Եթե ազգը չունի մշակույթ, ապա այն կլինի ամբոխ և ոչ թե ազգ: Մեր ազգային մշակույթն այսօր հիվանդ վիճակում է, իսկ բուժելու համար պետական աջակցություն և հետևողական աշխատանք պիտի տարվի: Պետք է հաճախ կազմկերպել փառատոներ, գիտժողովներ, ուսուցողական համերգներ և այլ միջոցառումներ: Սա ծավալուն թեմա է և կարճ դժվար է նկարագրել: Իհարկե, այսօր ա յլ մշկույթների առկայությունն էլ է շատ լավ, բայց մեր ազգայինը պիտի պահենք առաջնային և եկող սերունդներին միայն խմբագրված երաժշտություն ու արվեստ փոխանցենք:

-Ձեր կյանքում կա՞ մի փուլ, որը կուզեիք կրկին ապրել

-Այո, պատանեկության տարիները: Ամենաանմեղ ու քաղցր տարիներն էին, երբ ամեն բան հեքիաթ էր թվում, ու շտապում էի մեծանալ:

-Ի՞նչը կարող է հիասթափեցնել ձեզ գործնական և անձնական կյանքում

-Ոչինչ, մարդ միշտ պիտի ուժեղ լինի ու գտնի ելք, իսկ ելք միշտ էլ կա, ամեն պարագայում:

-Ի՞նչից կարող եք ոգեշնչվել ստեղծագործելիս

-Գրեթե ամեն գեղեցիկից, որ մեզ տվել են կյանքն ու բնությունը:

-Արվեստի գործիչ լինելն ինչպե՞ս է անդրադառնում ձեր մարդ տեսակի վրա

-Երաժշտության մասով կարող եմ ասել, որ միշտ բարի, դրական, հոգևոր արժեքներ է թողնում: Երեխաների համար շատ կարևոր է արվեստով զբաղվելը: Դա տրամադրությունից սկսած մինչև ճաշակ ու դաստիարակություն դրական հետք է թողնում: Անկախ նրանից, թե չափահաս դառնալուց հետո ինչ մասնագիտություն կընտրի:

-Ձեր խորհուրդը մարդկանց, որոնք պատրաստվում են մուտք գործել երաժշտական ոլորտ

-Միշտ լինեն ինքնատիպ, ստեղծագործող և երբեք չհիասթափվեն ոչ մի ձախողումից: Միշտ պետք է ստեղծել, արարել, զարգացնել ու գունավորել:

Մագա Հովհաննի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ