ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրուցում, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն առնչվող հարցին, նշեց.
«Բարոյական առումով կարող էր լինել հասկանալի, բայց քաղաքական առումով որքանով է ճիշտ, որ գործող նախագահը ունի կոնկրետ ազդեցություն դատարանի ու դատավորի վրա»։
Անդրադառնալով Բակո Սահակյանի միջնորդությանը՝ վարչապետն ասաց. «Գործող նախագահը, ով ունի նաև ուժային լծակներ, ով ունի հատուկ ծառայություններ, այսպիսի ուղղակի միջամտություն է ունենում դատական գործընթացին. որքանո՞վ է սա ընդունելի։ Գործող նախագահն ունի ուղղակի ազդեցություն դատական գործընթացի վրա»:
Վարչապետը պարզաբանեց. «Ես նկատի ունեմ՝ դատական գործընթացում, ըստ էության, դատավորը ամենաբարձր կարգավիճակ ունեցող մարդն է, և այդպես էլ պետք է լինի, և պատկերացրեք դատական պրոցես է տեղի ունենում, որտեղ սենյակում՝ դատական նիստերի դահլիճում, ներկա է շատ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդ, և այդ բարձր կարգավիճակ ունեցող մարդը ասում է դատավորին՝ ես միջնորդում եմ, որ դուք կայացնեք այսպիսի որոշում։ Ինչքանո՞վ կարող ենք նման պայմաններում օբյեկտիվ դատավարության հնարավորության մասին խոսել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել դատարան, որը դատարանը բավարարել է: