Գործարկվել է աշխատանքային պայմանագրերի  թվային համակարգը. ՊԵԿ

Հրապարակող՝

komp

Ամենադիտվածներ

Հայաստանում գործարկվել է աշխատանքային պայմանագրերի թվային համակարգը, որը նախատեսված է ամբողջությամբ փոխարինելու ավանդական թղթային պայմանագրերը։ Համակարգի կիրառումը 2025 թվականին կլինի կամավոր, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից կդառնա պարտադիր բոլոր գործատուների և աշխատողների համար՝ աշխատանքի ընդունման, աշխատանքից ազատման, պայմանագրերի փոփոխման կամ դադարման բոլոր դեպքերում։

Թվային համակարգը նախատեսված է «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով։ Այն գործատուներին հնարավորություն է տալիս ստեղծել, խմբագրել, չեղարկել, որոնել և էլեկտրոնային ստորագրել աշխատանքային պայմանագրերը։ Համակարգում հնարավոր է նաև աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանների կազմումը։ Բացի այդ, գործատուները կարող են կատարել պայմանագրերում փոփոխություններ կամ լրացումներ։ Փաստաթղթերը ստորագրելուց հետո համակարգը տրամադրում է էլեկտրոնային ծանուցումներ։ Համակարգում նախատեսված են պարտադիր լրացման դաշտեր, որոնք գործատուն պետք է լրացնի քաղաքացուն աշխատանքի ընդունելիս։ Չլրացման դեպքում համակարգն ինքնաշխատ հուշում է սխալի մասին։

Աշխատողները կարող են օգտվել համակարգից «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի» միջոցով՝ մուտք գործելով նոր ստեղծված «Աշխատանքային պայմանագրեր» բաժինը։ Հարթակից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն։ Աշխատողները կարող են դիտել իրենց հետ կնքված պայմանագրերը, աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագրի լուծման հրամանները, ինչպես նաև աշխատանքային համաձայնագրերը։ Նրանք կարող են նաև էլեկտրոնային եղանակով ստորագրել փաստաթղթերը և ստանալ ծանուցումներ։

Թվային համակարգը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ 2026 թվականի հունվարի 1-ից գործատուները պարտավոր են տասներկուամսյա ժամկետում թվայնացնել այն պայմանագրերը, որոնք դեռևս թղթային են։ Աշխատողները պետք է պարզապես էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն իրենց թվայնացված պայմանագրերը։

Այս նոր համակարգը նպատակ ունի ապահովել աշխատանքային պայմանագրերի ավելի հարմարավետ և արդյունավետ կառավարում՝ նվազեցնելով թղթային փաստաթղթաշրջանառությունը և խթանելով թվայնացման գործընթացը։

Ամենաթարմ