fbpx
Մշակույթ

18:17 19/2/2019

Գրադարանային ոլորտը ձախողված է․ հարյուրավոր գրադարաններ փակվել են

«Հետք»-ը գրում է՝

Մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանն իր ֆեյսբուքյան էջում մի այսպիսի գրառում է արել․

«225 գրադարան փակվել է միայն վերջին 3 տարում։ Ամփոփելով համայնքներում գործող գրադարանների մասին մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը եւ այն համադրելով Մշակույթի նախարարության տվյալների հետ՝ արձանագրել ենք, որ այժմ գործում է 472 համայնքապատկան գրադարան, երբ 2015-ին այդ թիվը 697 էր։

Հաշվարկում ներառվել են համայնքապետարաններին, գյուղապետարաններին, մշակութային այլ հաստատություններին կից գործող գրադարանները, որոնք չունեն պատրաստված գրադարանային մասնագետ, հասանելիություն եւ որպես կանոն չեն իրականացնում գրադարանի պարտադիր գործառույթները։

Փակված կամ լուծարված գրադարանների ֆոնդերը գրեթե բոլոր դեպքերում փոխանցվել է մերձակա դպրոցին կամ համայնքապետարաններին։ Որոշ դեպքերում գրքային ֆոնդը տեղափոխվել է գրադարանավարի տուն»։
________________________________________________________________________________________


Մի ձեռքը չգիտի՝ մյուսն ինչ է անում

Ուշագրավ է, որ գրադարանների զարգացման առաջին պատասխանատուն Մշակույթի նախարարությունն է։ Այս գերատեսչությունն է մշակում ռազմավարություն եւ իրականացնում այն։ Սովորաբար որեւէ ոլորտի նորանշանակ պաշտոնյաները խոսում են նախորդների սխալներից, նրանց հաջորդած պաշտոնյաները՝ իրենց նախորդներից ու այսպես շարունակ։ Վահե Բուդումյանի գրառման մեջ նշված չէ, թե փակված գրադարաններից քանիսն են վերականգնվել վերջին 8-9 ամիսներին։

Բուդումյանի գրառումը ֆեյսբուքում մեկնաբանել է նաեւ Մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանը։ «Ցավալի է, բայց՝ փաստ»,- գրել է Հովասափյանը, որ առնվազն 7-8 տարի հանդիսանում է գրադարանային ոլորտի համակարգողը Հայաստանում։

Նազիկ Հովասափյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նախարարության գործառույթները սկսվում եւ վերջանում են ընդամենը 12 գրադարանների զարգացման ծրագրերով, այն է՝ Ազգային գրադարան, Խնկո Ապոր անվան մանկական գրադարան, ինչպես նաեւ 10 մարզկենտրոններում գործող գրադարաններ։ Հանրապետության հարյուրավոր գրադարանների համար նախարարությունը պատասխանատու չէ այն պահից սկսած, երբ դրանք փոխանցվել են համայնքներին։

«Մեր երկրում գրադարաններն անհամաչափ են զարգանում։ Եթե նկատի ունենանք նախարարության ենթակայությամբ գործող 12 պետական գրադարանները, ապա դրանք ժամանակակից գրադարաններ են, որոնք անընդհատ համալրվում են։ Սկսած 1997 թվականից՝ ապակենտրոնացումից հետո, Հայաստանի ամբողջ գրադարանային համակարգն ուներ հստակ կառուցվածք, համալրվում էր մեկ աղբյուրից՝ պետությունից։ Բոլոր գյուղերն ապահովված էին այդ ժամանակվա համար զարգացած գրադարանով։

Ապակենտրոնացումից հետո համայնքային գրադարանները սկսել են փակվել։ Քաղաքացիները զրկված են ընթերցանության իրենց իրավունքից, այնինչ ընթերցանությունը նույնպես իրավունք է՝ ամրագրված Սահմանադրությամբ»,- ասում է Նազիկ Հովասափյանը։

Նրա խոսքով՝ գերատեսչությունն իրավունք չունի միջամտելու համայնքի գործերին։ Գրադարանային ոլորտի բոլոր լիազորությունները տրված են համայնքին եւ ավագանուն։ Չնայած անգամ մարզպետարանները տեղյակ չեն մարզի գրադարանների վիճակից կամ քանակից։ Ըստ Հովասափյանի՝ նախարարության միակ լիազորությունը պետական պատվերով եւ աջակցությամբ հրատարակված գրքերը գրադարաններին փոխանցելն է, ինչպես նաեւ հավատարմագրված գրադարաններին նյութատեխնիկական բազայով ապահովելը։

Գրադարանների գլխին աղետ է եկել նաեւ վերջին տարիներին համայնքային խոշորացումներից հետո։ Օրինակ, Աշոցք խոշորացված համայնքին միացած 10 գյուղերի գործող գրադարանները փակվել են։ Ըստ Հովասափյանի՝ Զուգաղբյուրում, Բավրայում, Ղազանչիում, Կարմրավանում, Կրասարում, Մեծ Սեպասարում, Փոքր Սեպասարում, Սիզավետում, Թավշուտում եւ Սարագյուղում բավականին լավ վիճակում գրադարաններ են եղել։ Խոշորացման ծրագրի մեջ նկատի չեն առել գրադարանների գոյության կարեւորությունը։ Որեւէ խոշորացված համայնքում գրադարանավարի հաստիք չկա։

Հարցին՝ իսկ երբ խոշորացման ծրագրերը մշակվում էին, քննարկվում, ինչու՞ նախարարությունը չկանխեց գրադարանների փակումը, Նազիկ Հովասափյանը պատասխանեց, որ իրենք փորձել են ազդել որոշումների կայացման վրա, չի ստացվել։

*հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Վերեվ