Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոն չի բացառում, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար այլ պետություններ ռազմական միջամտության իրականացնեն:
Ինչպես հաղորդում է բրազիլական Folha de San Paulo պարբերականը, Գուայդոն նշել է, որ իրադարձությունների զարգացման այս տարբերակը «ծայրահեղ միջոց» է իր համար և հույս ունի, որ իշխանափոխությունը կհաջողվի իրականացնել խաղաղ ճանապարհով:
Խոսելով ներկայիս վարչակարգի անկումից հետո խնդիրների լուծման մասին՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը նշել է, որ երկրի տնտեսությունը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի օտարերկրյա ներդրողների օգնությունը:
«Մենք արդեն զրուցել ենք օտարերկրյա ներդրողների հետ, և նրանք իրավական պետության վերականգնումից և իրավական պաշտպանության ապահովումից հետո Վենեսուելայում ներդրումներ կատարելու պատրաստակամություն են հայտնել»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հերթական անգամ հայտնել էր, որ չի բացառում Վենեսուելայում ռազմական միջամտության հնարավորությունը, եթե այդ երկիրն այլ ելք չունենա՝ ընդգծելով, սակայն, որ ինքը դա չէր ցանկանա:
