fbpx
Մշակույթ

Գյոթեի ստեղծագործությունը թարգմանվել է հայերեն

Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Կարլեն Մատինյանի (գերմաներենից) թարգմանությամբ 2021 թվականին «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ճանապարհորդություն Իտալիա» ստեղծագործությունը։

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այս ստեղծագործությունը որոշակի առումով ի մի է բերում Գյոթեի գրական-փիլիսոփայական որոնումները և նոր էջ բացում ոչ միայն նրա պոետական ու դրամատիկական արվեստում, այլև գիտության ամենատարբեր ոլորտներում՝ արվեստաբանությունում, ազգագրությունում, բնագիտությունում, երկրաբանությունում, նրա խորքային ուսումնասիրություններում՝ հաստատելով գրողի ունիվերսալիզմը:

Խորհրդանշական է, որ գրողը բոլորի համար անսպասելի կերպով ճանապարհ է ընկնում հենց իր ծննդյան օրը և նպատակադրվում սեփական աչքերով տեսնել Վերածնության ունիվերսալ հանճարների հայրենիքը:

Ճանապարհորդական օրագիրը՝ որպես գրական ժանր, այդ դարաշրջանում նոր էր ձևավորվում, դեռ չէին հստակեցվել դրա սահմանները և սկզբունքները: Դրանցում չկար զուտ գեղարվեստական հորինվածք, բայց կար հեղինակային ազատություն՝ ընտրելու առավել մեծ տպավորություն կամ ազդեցություն գործած առարկան, իրադարձությունը, երևույթը, որը, ըստ գրողի, արժանի է նկարագրության:

Ուշագրավ է, որ գիրքը լույս է տեսել բուն ճանապարհորդությունից 30 տարի անց, և այս առումով այն կարելի է դիտարկել որպես գեղարվեստականորեն վերաիմաստավորված հիշողություն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ