fbpx
Մարզեր

Գյումրիի քաղաքապետարանը պարգևատրել է 44 օրյա պատերազմի մասնակիցներին

Անկախության 30 ամյակի առիթով Գյումրիի քաղաքապետարանը պարգևատրել է 44 օրյա պատերազմի մասնակիցներին

Պարգևների հասցեատերերը 44 օրյա պատերազմի մասնակից ժամկոետային զինծառայողներն էին, ովքեր արդեն զորացրվել են, տուն վերադարձել, բայց իրենց պատերազմական հիշողություններում դեռ պայթող արկի ձայներն են ու կորցրած ընկերները:

Պատերազմի մասնակիցներից միայն մեկի պարգևը տարբերվում էր մյուսներից: Սերժանտ Ռաֆայել Չախալյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով արժանացավ «Մարտական ծառայություն» մեդալի: Ռաֆայելը այս պարգևին է ներկայացվել պատերազմի 25-րդ օրը, այն այսօր, հանդիսավորությամբ, հանձնեցին նրան: Մեդալի է ներկայացվել մարտի դաշտում հրամանատարի պարտականությունները ստանձնելու և խիզախության համար:

«Իմ ժամկետային ծառայությանը ուղիղ 100 օր էր մնացել: 44 օր մասնակցել եմ պատերազմին: Այն ինչ ինձնից էր կախված՝ առավելագույնն արել եմ իմ երկրին օգտակար լինելու համար: Կորցրել եմ շատ մարտական ընկերներ: Հասկացել եմ մի բան, որ պետք է անգամ քո կյանքը զոհես՝ հանուն սահմանին կանգնած ընկերոջդ փրկության: Ես ունեցել եմ իմ ջոկը: Անձնակազմն իմ պատասխանատվության տակ էր, հետո նոր անցնում էր սպայական պատասխանատվության ենթակայության: Դրա համար էլ մեր սպայական կազմը որոշեց, որ ինձ պետք է պարգևատրեն մեդալով »,- SHANTNEWS-ին ասել է 44 օրյա պատերազմի մասնակից Ռաֆայել Չախալյանը:

Տղաների մի մասը ժամկետային զինծառայությունը կիսատ է թողել վիրավորվելու և հաշմանդամ դառնալու պատճառով: Իսկ նրանք, որոնք զորացրվել են ու վերադարձել քաղաքացիական կյանքի, պատերազմից հետո վերարժևորել են խաղաղության ու անկախության գինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ