fbpx
Հասարակություն

Գյումրու ծննդատունը կկրի մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանի անունը

Վաղը նշվում է Գյումրու օրը՝ «Իմ սիրուն Գյումրի» խորագրով․ ինչպես և որոշվել է ավագանու նիստում, տոնախմբություններ, զանգվածային միջոցառումներ չպետք է լինեն։

«Թող ներող լինի բնակչությունը, բայց այս տարի՝ ելնելով իրավիճակից, մասսայական միջոցառումներ չեն լինելու, նույնիսկ նախատեսված միջոցառումների ցանկը չենք բարձրաձայնում»,- ասել էր փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը։

Գյումրու տոնը կնշվի մի շարք մշակութային միջոցառումներով․ Ֆրիդ Սողոյանի ցուցասրահի, ժողգործիքների պետական համույթի նոր շենքի պաշտոնական բացմամբ, անհատական ցուցահանդեսներով, «Հայոց Դանթեական» պոեմի շնորհանդեսով։ Մի շարք անձանց Գյումրի քաղաքի հուշամեդալներ կհանձնվեն, կպարգևատրվեն։

Կնշվի «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի 30-ամյակը, Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակը։

Այս միջոցառումներում իր հատուկ տեղը կունենա «Գյումրու ծննդատուն»-ը Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանի անունով կոչելն ու նրա պատվին տեղադրված հուշատախտակը բացելը։

Նա Գյումրու կոլորիտային դեմքերից էր, Շիրակի մարզի մանկաբարձա-գինեկոլոգիական դպրոցի հիմնադիրներից, որը մանկաբարձ-գինեկոլոգների բազմաթիվ սերունդների է կրթել։

Ֆելիքս Գրիգորյանը մահացել էր կորոնովիրուսից ապրիլի 6-ին։

81 տարեկան էր․ մեծ եռանդով, էներգիայով ու պատասխանատվությամբ շարունակում էր աշխատել «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում։

Ֆելիքս Գրիգորյանը 2015 թվականին ճանաչվել էր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի պատվավոր հանդիսատես, իսկ ավելի վաղ՝ 2011 թվականին վաստակավոր բժիշկն արժանացել էր «Գյումրու երախտավորի» կոչմանը:

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նշեց, որ Ֆելիքս Գրիգորյանը Գյումրու ծննդատան հիմնադիր լինելուց բացի՝ մեծ դերակատարություն է ունեցել Շիրակի մարզում բուժհիմնարկներում ծննդօգնության հնարավորությունների ստեղծման ու զարգացման գործում։

Ըստ մեր զրուցակցի, Շիրակի մարզը ժամանակին ամենահագեցվածն է եղել ծննդօգնության բուժհիմնարկների հնարավորություններով, չի եղել մի տեղանք, որտեղ ծնունդ ընդունող բուժհիմնարկներ չլինեին․ Գյումրիում, Աղինում, Ախուրյանում, Անիի տարածաշրջանի տարբեր տեղանքներում, Արթիկում, Փանիկում, Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններում գործող ծննդատների կայացման գործում իր մասնագիտական մեծ լուման է ունեցել Ֆելիքս Գրիգորյանը․ նրա պատրաստած կադրերն են աշխատել ծննդօգնություն ունեցող բոլոր հիմնարկներում։

Արմեն Իսահակյանն ասաց, որ դիմել են մարզպետ Հովհաննես Հարությունյանին, քննարկել են ու որոշել են Գյումրի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը կոչել Ֆելիքս Գրիգորյանի անունով։

Նշենք, որ «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ն միավորվել է Գյումրի բժշկական կենտրոնին, սակայն շարունակում է գործել իր շենքում։ Իսկ շենքը վերջերս շքեղ վերանորոգման են ենթարկել՝ հագեցնելով ժամանակակից բուժսարքավորումներով։

«Վաղը Գյումրու օրն է, իսկ Ֆելիքս Գրիգորյանը Գյումրու պատվավոր քաղաքացի է, հենց այդ պատճառով էլ վաղն ենք նախատեսել միջոցառումը», -ասաց Արմեն Իսահակյանը։

Աղբյուրը՝ aravot.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ