fbpx
Մշակույթ

18:30 6/10/2019

Գյումրիում կայացել է «Իմ խաչը» ֆիլմի առաջնախաղը

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հոկտեմբերի 5-ին կայացավ Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը» ֆիլմի առաջնախաղը: Ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա էր ֆիլմի ստեղծագործական կազմը:

Ներկայացնելով կինոնախագիծը, ստեղծագործական կազմը նշեց, որ այն կյանքի է կոչվել մի քանի երկրի տարբեր կազմակերպությունների՝ այդ թվում՝ մոսկովյան «APcinema», «Ռակուրս» ընկերությունների, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: Ֆիլմի հիմքում իրական պատմություններ են, իրական հերոսներ, որոնք, անկախ իրենց կամքից, հայտնվում են ղարաբաղյան պատերազմի կիզակետում, որտեղ կռիվը դառնում է իրենց խաչը՝ հանուն պատմական արդարության:

Ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է:

Իրական պատմությունների հիման վրա նկարահանված ֆիլմը, ներկայացնում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքները: Հենց այստեղ են միահյուսվում ֆիլմի գլխավոր հերոսներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունները:

Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Սարգիս Գրիգորյանը, Երո Մուրյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյան և այլք: Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է, երաժշտությունը հեղինակել է Հայկոն, իսկ ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։ Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին դեռ 2014 թվականին:

Ֆիլմի հիմքում Շավարշ Վարդանյանի վավերագրական կադրերն են։ «Ես մասնակցել եմ ղարաբաղյան պետերազմին հենց առաջին իսկ օրերից, եղել եմ լրագրող, օպերատոր և մոտ 1200 ժամ արխիվային նյութեր ունեմ նկարահանած: Սցենարը գրել եմ դեռ 15 տարի առաջ. այն սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի համատեղ ջանքերով դարձավ գեղարվեստական կինոսցենար: Երկար ժամանակ չկար հնարավորություն ֆիլմը կյանքի կոչելու», – նշեց Շավարշ Վարդանյանը:

Գյումրեցի հանդիսատեսը ֆիլմը ընդունեց հոտընկայս ծափերով:

Գրում է «Արմենպրես»-ը։

Վերեվ