Իրավական

Գյումրիում սպանված կնոջ դուստրը բողոքում է՝ մինչև հիմա, նրան չեն ասել, թե ով է ձեռբակալված անձը

ԳԱԼԱ-ն գրում է՝

Դեկտեմբերի 2-ի լուսաբացին Գյումրիում սպանված 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ մեղադրվող անձի ինքնությունը մինչև հիմա չի հրապարակվում: Կնոջ դաժան սպանությունից անցել է արդեն 13 օր: Հայտնի է միայն, որ կա մեղադրյալ, թեև հայտնի չէ, թե նա ով է, ինչ անուն ազգանուն է կրում, և որ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում: Վերջին տեղեկությունը մինչև երեկ դարձյալ հայտնի չէր: Այն հրապարակային դարձավ ռուսական աղբյուրներից:

Ինտերֆաքսը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ զինծառայողը գտնվում է բազայի տարածքում: ՀՀ դատախազությունը նույնիսկ այս տեղեկությունը չի հաստատում:

Հայրենի իրավապահների հանցավոր լռությունն այս գործի առնչությամբ հիմնավոր կասկածներ է ստեղծում գործի նախաքննության արդարացիության առնչությամբ:

Իրադարձությունների զարգացումը և փաստերի հանրայնացումը

1.Դեկտեմբերի 2-ին, երբ տեղի ունեցածից հետո ողջ Գյումրին էր խոսում, որ հարբած զինծառայողը, գինու շշով հարվածներ հասցնելով 57-ամյա կնոջ գլխին, նրան հասցրել էր մահվան, ՀՀ դատախազությունը, ըստ էության, ոչ հաստատում, ոչ ժխտում էր:

2.ՀՀ-ում գտնվող ՌԴ դեսպանատունը պաշտոնական հերքող հայտարարություն տարածեց, ըստ որի՝ կնոջը մահվան հասցնելու գործում զինծառայողի մասնակցություն չկա: Դարձյալ ՀՀ դատախազությունը ոչ մի տեղեկություն չէր հրապարակում, չէր հաստատում, չէր հերքում:

Այս ընթացքում տուժողի իրավահաջորդին՝ սպանված կնոջ դստերը՝ Անահիտ Ղուկասյանին, ոստիկանությունից և դատախազությունից ասել էին, որ ոչ մի զինծառայողի մասնակցություն չկա այս գործում:

3.Դեկտեմբերի 7-ի ընտրություններից հետո՝ դեկտեմբերի 9-ին, դատախազությունը պաշտոնական հայտարարություն է տարածում, որ գործում ներգրավված մեղադրյալ կա, ու այն զինծառայող է 102-րդ ռազմաբազայից: Սա այն դեպքում, երբ դեպքի վայրում առկա տեսախցիկների առգրավումն իրավապահների կողմից իրականացվել էր դեպքի օրը՝ դեպքից անմիջապես հետո:

Ընդ որում, մինչև հիմա իրավապահները տուժողի իրավահաջորդին՝ մահացած կնոջ դստերը, չեն ասել, թե ով է ձերբակալված անձը, և որ նա ռազմաբազայի զինծառայող է: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Անահիտ Ղուկասյանը պատմեց, որ քննիչները խուսափում են իր հետ հանդիպումից.

«Ոչ մի բան չեն ասում, զանգում եմ, ուզում եմ հանդիպել, հնարավոր չէ, նույնիսկ ինձ չեն ասել, որ գիտեք, մենք սխալվում էինք, որ ասում էինք՝ զինծառայողը չէ սպանողը: Հիմա բոլորը նորից այդ մասին են խոսում, թերթերն այդ մասին են գրում, բայց քննիչն ինձ ինչու նման բան չի ասում»:

Ընդ որում, Անահիտ Ղուկասյանը չգիտի նաև՝ ով է այս գործում որպես հանրային պաշտպան ներգրավված.

«Ինձ ասել են, որ ձրի փաստաբան են տալիս, բայց ով է, ես չեմ տեսել, չեմ ճանաչում, ես նույնիսկ անունը չգիտեմ»:

4.Ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը՝ հայտնի չէ: Մեղադրյալին որ կողմը՝ ՀՀ, թե ՌԴ իրավապահներն են բռնել, հայտնի չէ, բացատրություն տրվե՞լ է տեղի ունեցածին՝ հայտնի չէ: Մինչև երեկ պաշտոնական տեղեկություն չկար նաև այն մասին, թե զինծառայողը որտեղ է գտնվում: Հիմա էլ պաշտոնապես նման տեղեկություններ չկան, միակ պաշտոնականը կարելի է դիտարկել ռուսական ԶԼՄ-ների հրապարակումները, որ զինծառայողը ռազմաբազայում է: Թե ինչու, այս հարցի պատասխանը ևս չկա:

5.Այս գործում պակաս կարևոր չէ նաև այն, որ ոչ մի անուն մինչև հիմա չի հրապարակվել: Սա էական է, որովհետև ռուսական կողմից նախնական հերքումը, որ ռուսաստանցի զինծառայողի մասնակցություն չկա, ավելի ուշ բացատրվեց այսպես, որ կա մասնակցություն, բայց ոչ այն զինծառայողի, որի մասին մինչև հիմա հրապարակվում էր, այլ բոլորովին ուրիշ մի զինծառայողի:

Ավելի անհեթեթ մեկնաբանություն հազիվ թե հնարավոր լիներ պատկերացնել, որովհետև ոչ մի անգամ չի հրապարակվել կասկածյալի կամ մեղադրյալի անձ հիշեցնող, ինքնություն հաստատող տեղեկություն, ուրեմն ժխտել, որ այս մի զինծառայողը չէ, երկրորդն է, մեղմ ասած, անհասկանալի է:

Ի վերջո, գերխնդիրը ոչ թե այն է, որ այս գործով պատժվողը լինի ռուսաստանցի զինծառայող, այլ որ իրականում որպես մեղադրյալ ներգրավվի ու պատժվի հենց այն անձը, որն իրականում մեղավոր է:

Ավետիսյանների սպանության գործով մեղավոր ճանաչված Վալերի Պերմյակովի անունը հրապարակային դառնալու օպերատիվության հարցում խնդիրներ չառաջացան, թեև նույնիսկ այդ դեպքում կասկածներ ու վարկածներ կային, որ հնարավոր է անձը պարզապես իր վրա է վերցրել՝ ստանձնելով մեղադրյալի դերակատարությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ