fbpx
Խորհրդարան

Գյուղատնտեսությանն այսօր տալիս ենք ռազմավարական նշանակություն. ՀՀ վարչապետ

Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշեց, որ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է, և այն հաղթելու է նույն կերպ, ինչպես քաղաքականը:

«Սա չի նշանակում, որ մենք չունենք պրոբլեմ, դրանց վերաբերյալ պետք է ավելի բաց ու համարձակ խոսել: Մենք պետք է խրախուսենք աշխատանքը, քաջալերենք քաղաքացիներին, որ հավատան իրենց ուժին, որ կարող են ստեղծել արդյունք, իսկ կառավարության ամենամեծ առաքելությունը այդ հնարավորությունների իրացման դաշտ ստեղծելն է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ գյուղատնտեսությանն այսօր տալիս ենք ռազմավարական նշանակություն, մասնավորապես՝ աղքատության հաղթահարման գործում, սակայն ուզում է՝ կոնկրետ և ճիշտ պատկերացնենք, թե այս ոլորտում ինչ հնարավորություններ ունենք:

«Նախորդ տարի այս ոլորտում ունեցել ենք որոշակի սթրեսներ, չնայած դրան՝ արտահանման լուրջ պոտենցիալ կա, որ ասում ենք՝ քաջալերենք, լավ, էդ ոլորտում աշխատանքի դաշտ կա՞, թե՞ չէ, թե՞ մենք գյուղացուն կրկին անարդյունք չարչարանքի ենք մղում, մեր եզրակացությունը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի կա մոտավորապես 100 հազար տոննա կարտոֆիլի, գազարի, ճակնդեղի, կաղամբի արտահանման չօգտագործված պոտենցիալ: Արտահանման սեզոնը բացվում է ոչ թե այն ժամանակ, երբ ապրանքը կա, այլ կա դրա սեզոնայնությունը, այսինքն՝ այն երկրներում, որտեղ պիտի արտահանենք, պիտի սպառվի եղածը, որ մենք լավ գներով արտահանենք: Սա մի ուղղություն է, որի մասին պետք է մտածենք: Կաթի հետ կապված բանավեճերի սեզոնը կսկսվի, ապրիլ-մայիսը դրա սեզոնն է, պարզվում է՝ Հայաստանում կա տարեկան 70 հազար տոննա կաթի դեֆիցիտ, ընդ որում՝ այն կաթինը, որն այսօր կարող է մթերվել առնվազն 190 դրամով:»,- ասաց նա:

«Գյուղացիներն ինչի՞ց են բողոքում, ասում են՝ կաթը այս սեզոնին իջնում է 110, 100 դրամ, երբեմն էլ ավելի ցածր, հետևաբար՝ այս ի՞նչ թվաբանություն է: Սա այն կաթն է, որը ստացվում է որոշակի որակական պայմաններին համապատասխան, խոսքը այն կաթի մասին է, որը ոչ թե ձեռքով է կթվում, այլ համապատասխան սարքավորումներով, 70 000 տոննա կաթ շուկայում խնդրում են, որ ստանան»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ 600 000 գլուխ գառի արտահանման պահանջ կա, այսինքն՝ ամիսը 50 000 գլուխ գառի դեֆիցիտ ունենք: Նա նշեց, թե ինչու է արտահանումը կարևոր, ընդգծեց՝ դա շատ ավելի մեծ եկմամուտներ է բերում գյուղացիներին: Կառավարության ղեկավարը հայտնեց, որ ներքին սպառման 40 000 տոննա հավելյալ լոլիկի պահանջարկ ենք ունենալու, նախորդ տարվա ցնցումների պատճառով վերամշակող ընկերությունները լոլիկ չեն կարողացել գտնել, ներմուծել են, և այս տարի ունենալու ենք այդքան լոլիկի պահանջարկ:

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ այս տարի ունենալու ենք 55 000 տոննա թարմ բանջարեղենի, 15 000 տոննա սեղանի խաղողի հավելյալ պահանջարկ, 15 000 տոննա գինու խաղողի պահանջարկ:

«Ըստ էության, այս վերլուծությունն անում ենք ՝ ցույց տալու, որ երբ ասում ենք՝ աշխատանքը պետք է խրախուսվի, դրա տեղը կա: Իսկ արդյո՞ք կառավարությունն ասում է՝ գյուղացի ջա´ն, գնա´, ոնց ուզում ես, արա, ո´չ, վերջին շրջանում կառավարությունը 10-յակ որոշումներ է կայացրել, որոնց նպատակը աշխատանքի քաջալերումն է»,- ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ