Հայաստանի իշխանությունները զբաղված են մարդկանց մոտ այնպիսի ասոցիացիաներ ստեղծելով, որոնք կազդեն հանրային ընկալումներում իրենց վարկանիշի բարձրացման վրա։
Այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանն անդրադարձավ Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան ցորեն ներկրելու խնդրին։ Նա խոսեց այն մասին, որ այդ ցորենը 4–րդ կարգի է և նախատեսված է անասնակերի համար։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ սկզբում նախարարությունը չի ասել թե ինչ ցորեն է, բայց պարզվել է, որ եկողն անասնակեր է, փոխնախարարն ասաց. «Ասվել է, որ ցորեն է գալիս, չի նշվել՝ ինչպիսի ցորեն։ ․․․Կենդանին, որ ուտում է, հետո մեզ ինչ որ բան չի տալի՞ս՝ կաթ կամ միս։ Բայց ինչի՞ պետք է նախապես նշվեր, թե ինչ որակի ցորեն է»։
Նշենք, որ բանական յուրաքանչյուր քաղաքացի իսկապես չի կարող առարկել այն իրողության կապակցությամբ, որ ՀՀ պաշտոնյաներն անցած օրերին բառացիորեն չեն ստել հայ հանրությանը՝ ներկրվող անասնակերը ներկայացնելով որպես բարձրակարգ ցորեն։ Եթե անգամ եղել են այնպիսի պաշտոնյաներ, ովքեր սոցիալական ցանցերում խոսել են այդ մասին, ապա հավանաբար ակամայից են այսօր հայտնվել սուտասան մարդու կարգավիճակում։ Տեղի ունեցածում դա այդքան էլ կարևոր չէ։ Խնդիրն այլ տեղ է։
Իսկ լուրջ խնդիրն է այն, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը գնացքի ժամանելու գիշերը մեկնել էր Այրում կայարան՝ իր հետ տանելով լրագրողների, ովքեր պետք է գիշերվա կեսին ուղիղ եթեր մտնեին ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից՝ հայ ժողովրդին հաղորդելու համար ցորենի գնացքի ժամանելու «ավետաբեր» լուրը։ Բնականաբար Պապոյանը շատ լավ տեղյակ է եղել, որ Ռուսաստանից ժամանող գնացքը բերում է ցորեն, որը 4-րդ կարգի է եւ նախատեսված է անասունների համար։ Սակայն, նա կարիք չի զգացել բարձրաձայնել այդ մասին, քանի որ մի այլ կարիք ամբողջությամբ գրավել է նրա միտքը։ Այդ կարիքը ասոցիացիայի (զուգորդության) միջոցով մարդկանց «ուղեղները լվանալու» գործընթացն է։
Ի՞նչ է ասոցիացիան (զուգորդությունը)։ Դա հոգեբանական մի վիճակ է, երբ անձի գիտակցականում իրար կապված տարրերից մեկի հանդես գալն առաջ է բերում (գիտակցված է դարձնում) նաև մյուսի տարրերի գոյության մասին պատկերացումը (համոզմունքը)։ Ընդ որում այնպիսի տարրերի, որոնք առաջինի հետ ամուր կապված են ըստ նմանության, առընթերության, հակադրության և այլն։
Վերեւում նշված հոգեբանական վիճակից փորձում են օգտվել առանձին քաղաքական գործիչներ՝ դա որպես մեթոդ օգտագործելով մարդկանց կառավարելու ու վերահսկողության տակ պահելու համար։ Դրա լավագույն օրինակը հենց նախարար Պապոյանի արածն է։ Նա շատ լավ գիտակցելով, որ ցորենը մարդկանց մոտ ասսոցացվում է հացի հետ՝ գիշերվա կեսին մտնում է ուղիղ եթեր, որպեսզի Ադրբեջանից դեպի Հայաստան եկող ցորենով բարձված գնացքի մասին «ավետաբեր» լուրն առավոտյան ինքնաբերաբար տարածվի հանրության շրջանում՝ ինչ-որ խորհրդավոր իմաստ հաղորդելով տեղի ունեցածին։ Բնականաբար նրան հետաքրքրում է այն էֆեկտը (բուռն տպավորությունը), որը մարդը կկրի՝ լսելով Ադրբեջանից ժամանող ցորենի (հացի) ու Վաշինգտոնում օգոստոսի 8-ի նախաստորագրված համաձայնագրի (խաղաղության) փոխկապակցվածության մասին։
Ընդհանրապես, ներկա աշխարհում տարածվող պոպուլիզմի երևույթը կարելի է համարել ինտելեկտուալ, բարոյական մարդկանց դեմ ակամայից գործարկված «վիրուսներից» ամենավտանգավորը, որը խեղում է նրա բանականությունը։ Սակայն այն մեծագույն չարիք է դառնում ողջ մարդկության համար, երբ շատ քաղաքական գործիչներ իրենց գործունեության ժամանակ պոպուլիզմին գումարում են ասսոցիացիայի (զուգորդության) միջոցով մարդկանց կառավարելու մեթոդը ու այդպես սկսում են «լվանալ մարդկանց ուղեղները»։ 21-րդ դարում դա վերածվում է այնպիսի մի դեմագոգիայի, որի ճնշման տակ ոչ մի ժողովրդավարական կամ կիսաժողովրդավարական պետական կարգ չի կարող դիմանալ։ Ի վերջո, այն վերափոխվելու է մի այլ հրեշավոր բանի։
Սարո Սարոյան

