Իրավական

ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ Քոչարյանի ստորագրած հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով

«ՀԱԿ»-կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝  «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով։ Հայտարարության մեջ ասված է.

«Մոտենում է մարտիմեկյան ոճրագործության տասնմեկերորդ տարելիցը։

Տասը տարի շարունակ Հայ Ազգային Կոնգրեսը հետապնդել է մարտիմեկյան դատը՝ դիմագրավելով իշխանությունների հակազդեցությանը և հանցագործությունը պարտակելու ջանքերին։ 2008-ի իրադարձություններից հետո առաջին անգամ մարտիմեկյան զոհերի ոգեկոչման օրը անցնելու է նոր իրավիճակում, երբ իշխանության չէ ոճիրն իրագործած հանցավոր ռեժիմը։ Վերջապես Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը կարող է պետականորեն ստանձնել ոճրագործության թե իրավական բացահայտումը, թե քաղաքական գնահատումը և թե բարոյական դատապարտումը։

Հայ Ազգային Կոնգրեսը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի դառնա ազատ, ժողովրդավարական երկիր, քանի դեռ Մարտի 1-ի սպանդը չի դատապարտվել պետական մակարդակով, իսկ բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխանատվության չեն կանչվել և չեն կանգնել արդարադատության առջև։

Մենք ողջունում ենք նոր իշխանությունների կողմից ոճրագործության բացահայտմանն ուղղված իրավական քայլերը և արձանագրած առաջընթացը՝ քրեական գործի հարուցումը և հանցագործության հեղինակներին մեղադրանքների առաջադրումը։

Միևնույն ժամանակ, խնդրի ամբողջական լուծման առումով անհրաժեշտ է և ժամանակն է, որպեսզի իշխանությունների նախաձեռնությամբ կատարվեն նաև հետևյալ քայլերը.

1.Հիմք ընդունելով ՄԻԵԴ կողմից կայացված և արդեն իսկ ուժի մեջ մտած վճիռները՝

*Վերաբացել և կրկին քննել մարտիմեկյան իրադարձություններին առնչվող, այդ թվում՝ 2008թ-ի նախագահական ընտրությունների շրջանում և մարտի մեկի սպանդից հետո հարուցված բոլոր քրեական գործերը:

*Պատասխանատվության կանչել Մարտի 1-ի գործով իրավապահ և դատական մարմինների այն պաշտոնյաներին, ովքեր կատարել են հանցագործություններ արդարադատության դեմ, ինչի արդյունքում հարյուրավոր անմեղ մարդիկ ապօրինաբար ենթարկվել են քրեական հետապնդման և պատիժների։

2.Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող այլ գործերով (այդ թվում՝ հետապնդումների, հալածանքների և բռնաճնշումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության համար օրենքով սահմանված բողոքարկումների վաղեմության ժամկետը լրացած լինելու դեպքերում) կիրառել անցումային արդարադատություն, որպեսզի՝

*Վերականգնվեն մարտիմեկյան ոճրագործության հետևանքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային ոտնահարումից տուժած բոլոր քաղաքացիների իրավունքները, ովքեր պետք է ստանան նաև փոխհատուցում՝ կրած բարոյական և նյութական վնասների համար։

*Հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում անկարգություններ հրահրելու նպատակով ձևավորված հանցավոր խմբերի կազմակերպիչներն ու կատարողները։

3.Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածներով սահմանված լիազորությունները՝ կառավարության նախաձեռնությամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Ռոբերտ Քոչարյանի 01.03.2008թ. հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով:

4.Օրենքով մարտի մեկը սահմանել որպես «2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության և բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»՝ կազմակերպելով նաև հիշատակի օրվան նվիրված հրապարակային զանգվածային միջոցառումներ։

5.Փոխհատուցումներ տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց։

6.Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել իրադարձությունները հիշատակող և ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան»։

ՀԱԿ գրասենյակ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ