fbpx
Խորհրդարան

Կստեղծվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

Հայաստանում նախատեսվում է ստեղծել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով նախատեսվում է առանձնացնել Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Փաթեթի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից:

Հակակոռուպցիոն դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան, ստեղծվել է 2021թ ապրիլին ընդունված օրենսդրական փոփոխություններով: Իր հերթին վճռաբեկ ատյանում նույնպես հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննություն ապահովելու նպատակով փետրվարի 19-ին ընդունված օրենքով ստեղծվել է Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատը:

«Փաթեթով ապահովվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ կոռուպցիոն հանցագործություններ քննող և քրեական, և քաղաքացիական դատավորների կազմով: Փոփոխությունները նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չեն առաջացնելու»,-ասաց Հարությունյանը:

Այս կարգավորումների ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկվում է սահմանել 2024 թվականի հունվարի 1-ը:

Փաթեթով առաջարկվում է նաև դատարանների նախագահներին վերապահել նոր լիազորություններ, առաջարկվում է հնարավորություն տալ ԲԴԽ սահմանած կարգով մշտադիտարկում իրականացնել դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետի պահպանման նկատմամբ: Իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով առաջարկվել է առանձնացնել Երևան քաղաքում ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանները:

Փոփոխություններ են առաջարկվել նաև դատավորների թեկնածուների հավակնողների ցուցակում ներառման կարգում: Նախատեսվում է, որ ապահովվի դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն ունեցող անձանց ընդգրկման հնարավորությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ