fbpx
ՏՏ
22:20 28/10/2019

Հակոբ Արշակյանը հանդիպել է Systronics ընկերության հիմնադրի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Systronics ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Զարեհ Թութունջյանին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զարեհ Թութունջյանը մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, որն ավելի քան 42 տարվա պատմություն ունի։ Նա նշել է, որ Systronics-ը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում, առաջարկում է տեխնոլոգիական ոլորտի համալիր լուծումներ՝ սկսած ծրագրային ապահովման մշակումից մինչև ծրագրերի խորհրդատվական ծառայություններ և IT ենթակառուցվածքների տեղադրում։

Զարեհ Թութունջյանն ընդգծել է, որ ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ «ՍիստրոՏեխ»-ը, գործում է 2001 թվականից, և ամենակարևոր նորությունն այն է, որ իրենց ջանքերի շնորհիվ այս տարվա վերջին Հայաստանում ներկայացուցչություն կբացի Salesforce-ը, որ աշխարհի թիվ 1 CRM հարթակն է։

Ընկերության ղեկավարը նաև անդրադարձել է տվյալ հարթակում համապատասխան կադրեր կրթելու խնդրին։ Նա նշել է, որ աշխատատեղերը համալրում են Երևանի պետական համալսարանի ու Ամերիկյան համալսարանի ուսանողներով, բայց մասնագետների խնդիրը միշտ արդիական է։

Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով հանգամանալից ներկայացման համար, անդրադարձել է Հայաստանի ինժեներական մեծ ներուժին և հաջողություններին, միևնույն ժամանակ նաև նշել է, որ բիզնես խորհրդատվական ծառայությունների հարթակում դեռևս անելիքներ կան, և բացը լրացնելու համար արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվում։

Նախարարը նշել է, որ հաջորդ տարվա համար տեխնոլոգիական բուհերում նախատեսվում են այս ուղղությամբ վերապատրաստման ծրագրեր իրականացնել։ Հակոբ Արշակյանը Զարեհ Թութունջյանին առաջարկել է երկկողմ համագործակցություն իրականացնել, որի շրջանակներում Systronics-ի գործունեության ուղղություններով նրանց մասնագետները դասընթացներ կանցկացնեն, ինչն էլ հնարավորություն կտա որակյալ կադրեր պատրաստել։

Զարեհ Թութունջյանը պարաստակամություն է հայտնել օժանդակելու այդ ծրագրի իրականացմանը։

Հակոբ Արշակյանը նշել է, որ հիմնական շեշտը դրվելու է ծրագրային գործիքների և տեխնոլոգիական կրթության վրա, բայց կարևոր է նաև բիզնես մտածողության ձևավորումը:

Նախարարի խոսքով՝ այս ծրագրով նախատեսվում է Երևանում և մարզերում շուրջ 6000 մարդու տեխնոլոգիական գիտելիքներ տալ։ Եվ պարտադիր չէ, որ նրանք այդ ոլորտի մասնագետներ լինեն, կարող են ծրագրում ընդգրկվել բոլոր նրանք, ովքեր սովորելու ցանկություն ունեն։

Նախարարն ընդգծել է նաև, որ մեծ աշխատանքներ են տարվում արհեստական բանականության և կիբերանվտանգության ուղղությունները զարգացնելու համար, ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Systronics-ի հետ հնարավոր համագործակցության մի շարք այլ հնարավորություններ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ