fbpx
Աշխարհ

18:00 10/10/2019

Հալեպն ամեն հնարավորն անելու է, որ ոչ մի հայ դժվարությունների առջև չմնա․ Ժիրայր Ռեիսյան

Սիրիայի ժողովրդի համար անընդունելի է Թուրքիայի գործողությունները. դա ոտնձգություն է Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ: Այս մասին ասել է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:

«Սիրիան ոչ առիթ է տալիս, ոչ էլ ընդունելի է համարում նման ոտնձգությունը: Սիրիան անվիճելիորեն մնում է հաստատակամ ազատագրելու իր հողային տարածքներն: Ակնհայտ է, որ վտանգներ կան, և մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել բոլոր տուժածներին՝ լինեն հայեր, թե այլ ազգի ներկայացուցիչներ»,-նշել է Ժիրայր Ռեիսյանը:

Նա ընդգծել է, որ Թուրքիայի այս գործողությունները կհանգեցնեն անկայունության, ինչին էլ հենց ձգտում է պաշտոնական Անկարան:

«Թուրքիայի ցանկությունն է դա: Այս ամբողջ ընթացքում շատ հստակ հակասիրիական քաղաքականության մեջ է եղել և միշտ փորձել է պղտոր ջրում ձուկ որսալ: Սիրիացի ժողովուրդն իր իրավունքը վերականգնելու հարցում հաստատակամ է»,-ասել է Ժիրայր Ռեիսյանը:

Այն հարցին, թե արդյոք կան կոնկրետ տվյալներ Թուրքիայի կողմից ներխուժված տարածքներում բնակվող հայերի թվի մասին, Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ դժվար է ասել, քանի որ գրեթե հայաթափված շրջաններ էին: Քիչ թվով ընտանիքներ են մնացել:

«Ինձ համար մտահոգիչ էր այն, որ Կամիշլի շրջանը ևս թիրախավորված է, որտեղ տուժողներ կան: Անկասկած Հալեպն ամեն հնարավորն անելու է, որ ոչ մի հայ, կամ այլ ազգի ներկայացուցիչ դժվարությունների առջև չմնա»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիայ է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ըստ տեղեկությունների՝ հրթիռակոծվում են նաև մի շարք հայաշատ բնակավայրեր․ նախատեսվում է նրանց տարհանումը։

Նշենք, որ այս ամենի մեջ ԱՄՆ-ն լվացել է ձեռքերը։ Թրամփի խոսքով՝ իրենք չեն օգնում քրդերին, քանի որ վերջիններս էլ չեն օգնել իրենց Երկրորդ աշխարահամարտին։

Վերեվ