Խորհրդարան
11:30 13/02/2020

Համայնքի ստացած նվիրատվության մասին տեղեկությունը հրապարակային դարձնելու նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքին կատարվող նվազագույն աշխատավարձի 100-պատիկը գերազանցող նվիրատվությունների մասին տեղեկությունը քաղաքացիների համար դարձնել հրապարակային:

Նախագիծն ԱԺ փետրվարի 13-ի նիստում ընդունվեց 105 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:

Այն ԱԺ նիստում ներկայացրել էր Սոնա Ղազարյանը:

Առաջարկվող նախագծով փորձ է արվում ապահովել համայնքներին կատարվող նվիրատվությունների գործընթացների թափանցիկությունը: Մասնավորապես, առաջարկվում է համայնքի սեփականության գոյացման աղբյուրների մասին հոդվածում ավելացնել պարբերություն, որով սահմանվում է, որ համայնքի ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկը գերազանցող նվիրաբերության մասին տեղեկատվությունը պետք է դարձնի հրապարակային քաղաքացիների համար:

Պատգամավորներն առաջարկում են այդ մասին տեղեկատվությունը զետեղել համացանցային կայքում կամ այն փակցնել համատիրության պատին: Նախագծի գաղափարը ստեղծվել է Հանրային հեռուստատեսության եթերում քննարկման ժամանակ, երբ Սոնա Ղազարյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բանավիճելիս են եղել Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած «Կամազ»-ների հայտնի թեմայով:

Առաջին ընթերցմամբ ընդուվնեց նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը: Այն հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Օրենքի նախագիծն ընդունվեց 51 կողմ, 29 դեմ և 17 ձեռնպահ ձայներով:

Ըստ նախագծի՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ