Եթե ՀՀ իշխանությունը հեղափոխության արդյունք է, դեռ չի նշանակում, թե պետք է համերաշխություն հայտներ փողոցներում գտնվող ղազախներին․ Խաժակյան-Azat TV
Քաղաքականություն

Եթե ՀՀ իշխանությունը հեղափոխության արդյունք է, դեռ չի նշանակում, թե պետք է համերաշխություն հայտներ փողոցներում գտնվող ղազախներին․ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։

«Ինձ համար ընկալելի չեն այն դատողությունները, ըստ որոնց Հայաստանի պետական դիրքորոշումը ղազախստանյան իրադարձություններին պետք է համահունչ լիներ 2018-ի հայաստանյան իրադարձություններին։ Ներքին քաղաքականության և արտաքին քաղաքականության գործիքակազմերը բոլորովին տարբեր են, ուստի եթե Հայաստանի իշխանությունը հեղափոխության արդյունք է, չի նշանակում, թե պետք է փողոցներում գտնվող ղազախներին համերաշխություն հայտներ։

Քաղաքական իմաստով չեմ ընկալում նաև նեղացկոտ դատողությունները, թե՝ «այ, Ղազախստանը Ադրբեջանի շահերից է գործել այսքան ժամանակ, եկեք մենք էլ մի վատություն անենք»։ Գուցե թե Ղազախստանի հետ հարաբերություններում այս «ժեստից» հետո ոչինչ չբարելավվի, դժվար է հիմա գնահատելը, բայց արտաքին հարաբերություններում «նեղացկոտությունը» ավելի շատ էմոցիա է, քան պետականամետ դիրքավորում։

Ակնհայտ է մեկ բան, որ ՀԱՊԿ նախագահության շրջանակներում Հայաստանը իր գործողությունները կոորդինացնում է Ռուսաստանի հետ, որի համար ղազախստանյան իրադարձությունները ունեն առաջնային կարևորություն։ Հակառակվել այս պրոցեսին, կամ գոնե դեմարշ իրականացնել Փաշինյանը կարող էր 2018-ին կամ 2019-ին։ 2022-ին նման «ճոխության» տեղ Հայաստանը չունի», – գրել է Խաժակյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ