Մշակույթ
21:20 15/09/2021

Հայաստանը՝ համաշխարհային քարտեզի վրա խաղողի ծագման բնօրրան

Սեպտեմբերի 15-ին ԿԳՄՍ նախարարությունը հայտնել է, որ միջազգային գիտական ​​կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թ. ստացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում և հարմարվողական հատկանիշերի մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար։

«Հայ-չինական այս ծրագիրն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի -մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է մարդկության առաջընթացի և համընդհանուր բարգավաճման համատեղ գործողություններին: ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ծրագիրն իրականացնում է Չինաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի հետ: Երրորդ գործընկերն է Ֆրանսիայի լավագույն գիտահետազոտական ինստիտուտներից «Institute of Grape and Wine Sciences»-ը (ISVV), որի հետ նախատեսվում է 2022 թվականից Հայաստանում սկսել խաղողի ֆիլոքսերայի լայնածավալ ուսումնասիրություններ՝ վնասատուի գենոտիպավորումից մինչև մասնագետների վերապատրաստում։

Ծրագիրը կրում է կիրառական բնույթ և միտված է Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ ուսումնասիրմանը, մասնավորապես՝ հարմարվողական հատկանիշների վերլուծությանը։ Հիմնական նպատակը տեղածին սորտերում և վայրի խաղողի գենոմում չորադիմացկունությունը պայմանավորող գեների հայտնաբերումն է, որը չափազանց կարևոր է կլիմայի գլոբալ փոփոխության համատեքստում։

«Մեր բոլոր նախագծերի վերջնանպատակը Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումն ու հարակայուն խաղողագործություն զարգացնելն է: Պետք է նվազագույն մակարդակի բերել կամ բացառել թունաքիմիկատների կիրառումը և վերսկսել թիրախային սելեկցիոն աշխատանքները՝ ուղղված ռեզիստենտ սորտերի ստացմանը»,- ասել է ծրագրի գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը:

Նա վստահեցնում է, որ Հայաստանի խաղողի կենսաբազմազանությունն օժտված է այդ ներուժով, և այս մոտեցումն ունի կարևոր բնապահպանական ու առողջապահական նշանակություն։

Նշենք, որ Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության մեկնարկը տրվել է դեռևս 2011 թ.-ին՝ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Երևանի պետական համալսարանի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի նախաձեռնությամբ։ Ուսումնասիրություններն իրականացվել են մոլեկուլային-գենետիկական, այնուհետև գենոմային մակարդակով։

Համաշխարհային խաղողի քարտեզի վրա Հայաստանի՝ որպես խաղողի ծագման բնօրրան, ճանաչելի դարձնելու նպատակով 2018 թ.-ին ՀՀ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ ստեղծվել է ՀՀ խաղողի գենետիկական ռեսուրսների տվյալների առաջին բազան՝ VITIS www.vitis.am կայքը, որը կցված է եվրոպական www.vivc.de և չինական www.vitisgdb.ynau.edu.cn տվյալների բազաներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ