fbpx
Իրավական
18:10 19/11/2019

Հանցագործության դեպքի վայրից ավտոմեքենան հեռացնելու առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղում հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2019 թ. օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում պայթուցիչի միջոցով կատարված գործարար Մելիք Մանուկյանի սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, դեպքի վայր
հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող՝ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող քննիչի և դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողների թույլտվության, նշված տարածք երկու այլ անձանց հետ մուտք է գործել գործարար Մելիք Մանուկյանի եղբայր Ռ. Մ.-ն:

Հանցագործության հետքեր կրող նշված ավտոմեքենան դեպքի վայրի տարածքից տեղափոխելու հարցի վերաբերյալ Ռ. Մ.-ն վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք: Ոստիկանները, ինչպես նաև քննիչը հորդորել են դադարեցնել նման վարքագիծը, նրան դուրս հրավիրել պահպանվող տարածքից: Ռ. Մ.-ն, սակայն չի ենթարկվել նրանց հորդորներին, հակառակ դրան՝ դեպքի վայրի զննության մասնակից ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության հրաձիգ, Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մ. Մ.-ին կարգադրել է ավտոմեքենան դուրս բերել այդ տարածքից:

Վերջինս, Ռ. Մ.-ի դրդմամբ, գիտակցելով, որ դեպքի վայրում գտնվող ավտոմեքենան իր վրա կրում է հանցագործության հետքեր և տեղյակ լինելով, որ իրավապահ մարմինների կողմից արգելվել է առանց թույլտվության հիշյալ ավտոմեքենան տեղափոխելը, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ միջամտել է քննիչի գործողություններին: Մասնավորապես, նա նստել է վերոհիշյալ ավտոմեքենան և, չենթարկվելով դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, գործի է դրել այն, կտրուկ տեղից շարժել և ոստիկանության ծառայողի ուղղությամբ վարելու ձևով վերջինիս կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ հատել դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը և ավտոմեքենան հեռացրել այնտեղից:

Նկարագրված հանցավոր արարքը կատարելու համար 2019 թ. նոյեմբերի 8-ին Ռ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանաման միջոց է ընտրվել կալանավորումը: Նույն օրը Մ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորման այլընտրանքային միջոց գրավը:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունը և ըստ էության քննություն կատարելու համար քրեական գործն ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ