Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ հանրապետությունում նվազել է հանցագործությունների թիվը, ավելացել են ճանապարհատրանսպորտային դեպքերը:
Մայիսի 24-ին ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը զեկուցագիր է ներկայացրել, որ մայիսի 22-ին ժամը 21:55-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Շմավոնի փողոցում ծառայություն իրականացնելիս ՃՈ տեսուչը կանգնեցրել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ռ. Բ.-ն (ծնված 1997թ.) չի ներկայացրել վարորդական իրավունքի վկայական և կասկածվել է ոչ սթափ վիճակում գտնվելու մեջ:
Համաձայն անձի սթափության ստուգման արձանագրության՝ Ռ.Բ-ն գտնվել է 0.353 մգ/լ ոչ սթափ վիճակում:
Տրանսպորտային միջոցը նույն օրը տեղափոխվել է ԱՀ ոստիկանության ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն ուղարկելու համար։
Մայիսի 24-ին ժամը 14:55-ին ՃՈ հաղորդում է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 32 շենքի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 14:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա. Դ. (ծնված 1982թ.) վարելով «KIA SORENTO» մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա. Ա.-ին (ծնված 12.03.2011թ.) և Ա. Ա.-ին (ծնված 15.10.2014թ.), ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը:
Մայիսի 24-ին ժամը 18:30-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 16:55-ին աջ ոտքի դրսային պճեղի փակ կոտրվածք տեղաշարժով, գլխի շրջանի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Բ. Գ.-ն (ծնված 1980թ.):
Հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 16:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Զ. Օ.-ն (ծնված 1989թ.) վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, Առաքելյան փողոցում բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտով ընթացող Բ. Գ.-ի վարած «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը: