Դեկտեմբերի 15-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ԱԽ գրասենյակի մամուլի ծառայությունից։
- Մենք երբեք չենք լքի հայերին․ Մակրոնը՝ եռակողմ հանդիպումից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Բրյուսելում կայացել է Փաշինյանի-Մակրոն-Ալիև եռակողմ հանդիպումը
«Հանդիպման սկզբում կողմերը միմյանց են փոխանցել իրենց երկրների առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Բայդենի ողջույնի խոսքերը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության շուրջ և տարածաշրջանում անվտանգային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Այս համատեքստում քննարկվել են նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները, որոնք անվտանգային հավելյալ երաշխիքներ կստեղծեն երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման համար։
Կողմերը արձանագրել են ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների ձեռքբերումները, որոնք առանձնահատուկ դերակատարություն ունեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում։ Այս առնչությամբ, Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Սալիվանին «Հանուն ժողովրդավարության գագաթաժողով»-ին Հայաստանին հրավիրելու կապակցությամբ, ինչը նաև այդ հաջողությունների փաստացի արձանագրումն է։
Հանդիպման վերջում Արմեն Գրիգորյանը հրավիրել է Ջեյք Սալիվանին այցելել Հայաստան», – ասված է տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ։
