fbpx
Մարզեր

Հանդիսավորությամբ նշվեց Հացառատի օրը

Ամեն տարվա հոկտեմբերի 7-ին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչները տոնում են իրենց բնակավայրի օրը՝ այն նշանավորելով հանրային կյանքում աչքի ընկած գործիչներին պարգևատրելով ու քաջալերելով, գեղարվեստական ու մարզական տարաբնույթ միջոցառումներով:

Այս տարի Հացառատի օրը կրում էր «Հացառա՛տ, ի՛մ տուն, ի՛մ հայրենիք» խորագիրը: Միջոցառումը, արդեն յոթերորդ տարին անընդմեջ, նախաձեռնում է «Հացառատ բարեգործական հիմնադրամը»: Հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, Հայաստանում կամ արտերկրում բնակվող հացառատցիներ: Միջոցառումը կայացավ Արցախյան ազատամարտի զոհերի հուշահամալիրի տարածքում: Տոնական հանդիսությունը օրհնության կարգով ու Տերունական աղթոքով բացեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը: Հացառատցիներին ողջունեց և շնորհավորեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Հարգելի հացառատցիներ, ես կասեի, որ այսօր աշխարհի ամենատարբեր վայրերում ապրող հացառատցիների միանության ու համերաշխության օրն է: Իսկ դուք կրկին վերահաստատում եք այն միտքը, որ միասնությամբ ու համերաշխությամբ կարելի է հաղթահարել բոլոր դժվարությունները: Այո, Հացառատն այսօր բազմաթիվ հիմնախնդիրներ ունի, որոնք մենք պետք է հաղթահարենք միասնական ջանքերով: Հավատացնում եմ ձեզ, որ Նոր Հայաստանում սրանից հետո ավելի լավ է լինելու, իսկ հետո շատ ավելի լավ է լինելու: Շարունակեք լինել համախմբված ու միասնական», – հացառատցիներին դիմեց Գնել Սանոսյանը:

Հացառատի շենացմանն ու զարգացմանը նպաստելու համար «Հացառատ բարեգործական հիմնադրամի» տնօրեն Արմեն Եդոյանը հիմնադրամի պատվոգրով պարգևատրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին, երկարամյա մանկավարժներ Քնարիկ Մեհրաբյանին և Ամալյա Հայրապետյանին, հանրապետական տարբեր ստուգատեսներում հաղթած աշակերտներին, ինչպես նաև Հացառատի տնտեսության մեջ ներդրումներ կատարած ու նոր աշխատատեղեր ստեղծած գործարարներին: ԵԿՄ Գավառի տարածքային մասնաճյուղի շքանշաններով պարգևատրվեցին 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասնակից հացառատցիները: Պարգևները հանձնեց Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը: Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով ու հրավառությամբ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ