fbpx
Հասարակություն

Հանդիսավորությամբ նշվել է Մարտունի քաղաղաքի տոնը

Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները տոնական տրամադրության մեջ էին՝ մի շարք միջոցառումներով նշելով իրենց բնակավայրի հիմնադրման 189-րդ տարեդարձը: Տոնին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներ, հյուրեր, քաղաքի բազմաթիվ բնակիչներ:

Տոնակատարությունը, որը նշվում է ավանդաբար, այս տարի համընկել էր Սուրբ Թարգմանչած տոնի հետ: Այն սկսվեց Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ Թարգմանչաց տոնի խորհուրդը ներկայացրեց և մարտունեցիներին շնորհավորեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Մկրտչյանը: Այնուհետ տոնակատարությունը շարունակվեց քաղաքի Մյասնիկյանի անվան հրապարակում:

Օրհնության կարգ կատարեց Տեր Սիմոն Քահանա Մկրտչյանը, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Նա նշեց,որ 1830 թվականին Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից 60, այդ թվում՝ Մանկասար գյուղից 42 ընտանիք, գաղթեցին Արևելյան Հայաստան և բնակություն հաստատեցին Սևանա լճի ափին, Ներքին Կզնուտ գյուղում:

«189 տարվա ընթացքում հայրենասեր և աշխատավոր մարտունեցիների ջանքերով Ներքին Կզնուտ գյուղը վերածվեց շեն ու բազմամարդ, հզոր Մարտունի քաղաքի: Ինչո՞վ ենք մենք այսօր հատկապես հպարտ. Նրանով, որ ամենաշատը մեր մանկապարտեզներն ու դպրոցներն են երեխաներով ու աշակերտներով ծանրաբեռնված, նրանով, որ ամենաշատ նորակոչիկներ Հայոց բանակին մենք ենք տալիս: Եթե մենք հարուստ ենք մարդկային ռեսուրսներով, ապա կզարգանանք ու կզորանք նաև ջանադիր աշխատանքով, կստեղծենք ու կարարենք՝ սրբորեն պահելով մեր մեր լեզուն, մշակույթը, ավանդույթները, պետականությունը: 189 տարիների ընթացքում Մարտունին հայրենիքին տվել է մտավորականների, գիտնականների, մշակույթի ու արվեստի գործիչների, մանկավարժների, բժիշկների, հողի վաստակաշատ աշխատավորների ու արհեստավորների մի կուռ համաստեղություն: Ու այսօր էլ շարունակվում է մեր անկանգ երթը»,- նշեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

Նա շնորհակալագրերով պարգևատրեց Մարտունի քաղաքի բնակիչներ Արմեն Վարդանյանին և Հուսիկ Հոխանյանին, ովքեր այժմ ապրելով արտերկրում, մշտապես աջակցում են համայնքային ծրագրերի իրականացմանը:

Շնորհավորելով մարտունեցիներին՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վստահեցրեց, որ բոլոր խնդիրները ժամանակին կլուծվեն: «Ես ուզում եմ հավատացնել, որ Մարտունի քաղաքում քայլ առ քայլ, մեր համատեղ ջանքերով լուծում կստանան բոլոր հիմնախնդիրները: Ես էլ համարում եմ, որ մեր աշխարհի ամենաթանկ կապիտալը դա մարդկային ռեսուրսն է, ինչով հարուստ է Մարտունին: Մեր միասնականությամբ ու ոգևորությամբ մենք նորովի կկերտենք մեր աշխարհը»,-շնորհավորանքի խոսքում նշեց մարզպետը:

Այնուհետև միջոցառման մասնակիցները շրջեցին հրապարակում տեղադրված տաղավարներով, դիտեցին քաղաքի կրթամշակութային կազմակերպությունների սաների և աշակերտների աշխատանքները, ունկնդրեցին նրանց գեղարվեստական կատարումները, համտեսեցին մարտունեցիների պատրաստած ավանդական ուտեստները, այգիներում աճեցրած պտուղներն ու բանջարեղենը, փռում եփված կարտոֆիլը:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ