fbpx
Խորհրդարան

Հանձնաժողովի նիստին Ջոկոնդայի ժպիտով եկել, նստել, քվեարկել կամ չեք քվեարկել․ Զոհրաբյանը՝ Ղազարյանին

Այսօր ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում թեժ բանավեճ է տեղի ունեցել «Իմ քայլի» պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Մարիա Կարապետյանի և հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջև:

Իմ քայլականներն առաջարկում էին հանձնաժողովի աշխատանքներն ակտիվացնել, աշխատանքային խմբեր ձևավորել: Նաիրա Զոհրաբյանի արձագանքը կոշտ էր, նա սկսեց պատմել, թե ինչ հագեցած օրակարգով է ինքն աշխատում՝ Արմավիր ՔԿՀ-ից հոգեբուժարաններ այցելում, գնում Գյումրի և այլն։

«Հանձնաժողովը աշխատում է, ես հիմա չեմ ուզում տալ հանձնաժողովների անուններ, որոնք պարալիզացված են: Մի քանի օր անց քննարկելու ենք բանակում ինքնասպանությունների խնդիրը, մեզ մոտ լինելու են սևազգեստ մայրերը: Դրանից հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամն ազատ է: Եթե հանձնաժողովի անդամն ուզում է զբաղվել՝ զբաղվում է, պարտադիր չի, որ այդ զբաղմունքը լինի խմբակային: Օրենսդրական փաթեթների վրա աշխատում ենք, մեր փորձագետները ձեր տրամադրության տակ են: Եղե՞լ է դեպք, որ հանձնաժողովի որևէ անդամ դիմի որևէ օրենսդրական առաջարկով, հարյուր անգամ առաջարկել եմ՝ բերեք օրակարգ: Բայց տիկին Ղազարյան, ո՛չ ձեզանից, տիկի՛ն Կարապետյան, ո՛չ ձեզանից օրակարգ, որ եկեք աշխատանքային խումբ ստեղծենք, կամ գնանք արտագնա նիստի՝ չենք լսել: Նախաձեռնությունները միայն եղել են իմ կողմից, ես դա կարող եմ ասել՝ առանց ավելորդ համեստության»:

Զոհրաբյանի խոսքով՝ հանձնաժողովի գործառույթը միայն գլխադասային նախագծերը չեն՝ իրենց մակագրված:

Դիմելով իմ քայլականներին՝ նա նշեց, որ ինքը կողմ է, որ հանձնաժողովն ակտիվ աշխատի։

«Ես կողմ եմ, որ այս մեկ տարի, մի քանի ամսվա մեջ ձեզանից լսեի գոնե մեկ օրակարգ, որ եկեք այս օրակարգի շուրջ քննարկում կազմակերպենք: Որևէ անգամ չեք բերել, տիկին Կարապետյան, ոչ էլ դուք, տիկին Ղազարյան: Քանիցս ձեզ ասել եմ՝ դուք հրաշալի զբաղվում եք կանանց իրավունքների պաշտպանությամբ:

Ձեզ խնդրել եմ, տիկին Ղազարյան, եկեք կազմակերպեք քննարկում բռնության ենթարկված կանանց իրավունքների մասին, առ այս պահը որևէ օրակարգ, թուղթ սեղանի վրա չի դրվել, կամ որ մի հատ գնա հոգեբուժարան: Դուք գիտե՞ք երեկ չէ առաջին օրը ես քանի հոգեբուժարանում եմ եղել, քանի կանանց եմ հանդիպել: Հիմա եթե ես ամեն օր դա ֆեյսբուքում չեմ ճպպացնում, դա չի նշանակում, որ չենք անում: Այնպես որ, եկեք այստեղ մեղադրանքներ չհնչեցնենք, իրար չվիրավորենք: Ես համբերատար մարդ եմ, բայց երբ տեսնում եմ, որ արդեն անցնում են արդարության սահմանը, ուրեմն իմացե՛ք՝ արդարության սահման իմ գործունեության հանդեպ ուղղակի թույլ չեմ տա անցնեք: Որևէ անգամ, տիկի՛ն Ղազարյան, դուք չեք ներկայացրել որևէ օրակարգ: Չե՛ք ներկայացրել, եկել եք, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք կամ չեք ժպտացել, քվեարկել եք, գնացել եք, չի՛ կարելի»:

Թագուհի Ղազարյանն արձագանքեց. «Քանի որ խոսում եք վիրավորանքի սահմանն անցնելու մասին, ես հորդորում եմ ձեզ հետո այս ձայնագրությունը նայել և ձեր խոսքը լսել, Դուք եք սահմաններն անցնում: Ես հորդորում եմ նաև հանձնաժողովի մյուս նիստերը նայել, տեսնել, թե դուք ինչ առաջարկ եք արել, մենք ինչ ենք քննարկել: Տեսախցիկների բացակայության պայմաններում մենք երբևէ չենք շփվել, մեր միակ շփումը եղել է հանձնաժողովի նիստերի ժամանակ, հետևաբար ձեր բոլոր ասածները և իմ բոլոր ասածները արձանագրվել են, կարիք չկար այդպես մուննաթ գալ ինձ վրա, դուք մուննա՛թ եք գալիս, տիկի՛ն Զոհրաբյան»:

Նաիրա Զոհրաբյանն պատասխանեց, որ հանձնաժողով են եկել, ասում են՝ պետք է այսպես կամ այնպես անել։

«Մենք շատ լավ գիտենք հանձնաժողովի ֆունկցիան որն է»,-հավելեց նա։

Մարիա Կարապետյանի համար անհասկանալի էր Նաիրա Զոհրաբյանի վրդովմունքը.։

«Ես ասում եմ՝ առավել ակտիվ պետք է աշխատել: Աշխատանքային խմբեր պետք է ձևավորենք»: Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանեց. «Ձևավորենք, տիկին Կարապետյան, ե՞րբ եք առաջարկել, որ չենք ձևավորել»: Մարիա Կարապետյանը Զոհրաբյանին ասաց. «Գռգռված եք, տիկին Զոհրաբյան, անհասկանալի վրդովմունք կա: Օրակարգ ենք բերել, սեղանին դրված է, եկեք քննարկենք, ոչ թե ենթադրեք, որ մեղադրանք է հնչել, դուք էլ պիտի պատասխանեք»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ