Խորհրդարան

Հանձնաժողովի նիստում խոսվել է լաստանավեր ձեռք բերելու հարցի մասին

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Նավագնացության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը զեկուցեց, որ համաձայնագիրը 2019թ.-ին ստորագրվել է ԵՏՄ երկրների ղեկավարների միջև. «Համաձայնագիրը սահմանում է ԵՏՄ երկրների ներքին ջրային ուղիներում նավարկության կարգը, դյուրացնում երկրների նավերի մուտքը ջրային տարածքներ, բեռների փոխադրումը»:

Աղբյուրը հավելում է, որ առաջիկայում համաձայնագիրը պետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստում՝ քվեարկությամբ վավերացվելու նպատակով:

Հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը Արմեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ «նախորդիվ զրուցել էինք այն մասին, որ ՀՀ-ն լաստանավ պետք է ձեռք բերի՝ հաշվի առնելով Լարսի խնդիրը: Նորություն կա՞»:

Փոխնախարարը պատասխանեց. «Ռուսական կողմի հետ քննարկում ենք լաստանավի աշխատանքի հարցը: Երկու լաստանավ կա, որոնք մեզ առաջարկել են: Բայց դրանք այնքան էլ լավ վիճակում չեն, խորհուրդ չեն տվել դիտել դրանք»:

Արմեն Սիմոնյանի խոսքով՝ գործարար ոլորտի որոշ ներկայացուցիչներ ապրիլի մեկից ուզում են լաստանավային փոխադրումներ իրականացնել, իսկ թե որքանով է դա իրատեսական, քննարկման փուլում է:

Միքայել Մելքումյանը նաև բարձրաձայնեց՝ եղանակի պատճառով Լարսը փակ է, բեռնափոխադրողները շատ են ահազանգում: Փոխնախարարն արձագանքեց, որ պատճառը բացառապես եղանակն է. ձնահոսքի վտանգ կա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ