Խորհրդարանը դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը օրակարգ ներառելուն։
Նախագիծը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը։ Պատգամավորի խոսքով՝ իրենք առաջարկում են տասից ցածր մասնաբաժիններ տիրապետող ընդերքօգտագործող իրավաբանական անձնանց անուները ևս հայտնի լինեն հանրությանը։
«Մեծ հանքերի դեպքում փոքր մասնաբաժիններով տասից փոքր տոկոսի դեպքում ձևակերպվում է օֆշորային ընկերություններում, և հանրությունը տեղյակ չի լինում, ուստի խնդրում եմ կողմ քվեարկել»,-ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ Ամուլսարի վերաբերյալ մամուլում տարբեր հրապարակումներ եղան տարբեր սեփականատերերի վերաբերյալ։
Տնտեսական հարցերի հանձնաժողովի կարծիքը ներկայացրեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին, սակայն որոշակի վերապահումներով։
«Երբ հրապարակվեն վերջնական սեփականատերերի անունները, դրանից հետո անմիջապես կարող ենք ձեռնամուխ լինել տոկոսը իջեցնելուն, եթե կարիք լինի, մենք էդ հարցին կանդրադառնանք, բայց ամբողջությամբ հանել որևէ շեմ, մենք չենք կարող, դա կլինի դատաբազաների հրապարակումներ։ Ընկերությունների մասնակիցներ, ընկերություններ, որոնք ակցիաները հանում են, վաճառում են, դա կլինեն անունների ցանկեր, որոնց ուսումնասիրությունները ոչինչ չի տա։ Տաս տոկոսն ընտրվել է միջազգային փորձն ուսումնասիրելով»,-ասաց Գևորգյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մանրամասնեց՝ քանի որ մի քանի ամիս առաջ ընդերքի իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծն ընդունվել է, առայժմ պայմանական ասած` պետք է մարսել այդ փոփոխությունները, և հետո նոր փոփոխություններ նախաձեռնել։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ որոշ քաղաքական գործիչներ լոբբինգ էին անում, որ հանքերի իրական սեփականատերերը 100 տոկոսով պետք է հայտնի լինեն հանրությանը, իսկ այժմ հանձնաժողովում քննարկմանը գործադիրի որոշ ներկայացուցիչներ խոսում են, որ տասը տոկոսը պետք չի բացել։
«Էդ ինչի՞ց ենք վախենում, որ պետք է մարսել կամ չմարսել, եթե հանքերի մեջ մեկը սեփականատեր է նախորդ իշխանություններից, պետք է իմանանք, եթե սեփականատեր է նոր իշխանություններից, դա էլ պետք է իմանանք, եթե մի տոկոս էլ ունի, դա էլ պետք է իմանանք։ Եթե տասը տոկոսը չեք բացում, մենք կարո՞ղ ենք ասել, որ ուրեմն ինչ-որ մարդիկ կան՝ դարձել են սեփականատեր, բա ամեն օր թափանցիկությունից ենք խոսում, մարդիկ նվազեցնում են երկու, երեք տոկոս, որ չիմանանք՝ ով է սեփականատեր»,-ասաց Մարուքյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց՝ համաձայն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է թափանցիկ լինի, բայց առաջարկը ոչ ճիշտ իրավական ակտի վրա է արված։
«Մենք ընդերքի մասին օրենսգրքում արդեն փոփոխություն կատարել ենք, դուք պետք է փոփոխություն բերեիք Իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքում, որտեղ ամրագրված է տաս տոկոս և ավելի շեմերը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ձեռնպահ է քվեարկելու նախագծին։
Նախագիծը մերժվեց և չընդրկվեց լիագումար նիստերի օրակարգ՝ 36 կողմ, 67 դեմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։