fbpx
Իրավական

Հանրահավաքի ընթացքում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա:

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն. դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեր տեղեկություններով, բերման ենթարկվածը հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանն է. վերջինս երեկ բռնության կոչերով է հանդես եկել՝ հայտարարելով. «Էսօր, որ Բակոենք եկել են ստեղ Ռոբերտ Քոչարյանի համար երաշխիք են տվել, կարո՞ղ ա վաղն էլ տանեք Ղարաբաղ, ասեն՝ չենք տալիս, առանձին Հանրապետություն ա, կարո՞ղ ա տենց բան անեք: Էդ ժամանակ հաստատ իմացեք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն Ղարաբաղի մեր հայրերանկիցները, հանկարծ չփորձեք, սա ձեզ նախագուշացում ա, չոր կոպիտ պատասխան եք ստանալու… ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, գնանք ու գլուխներ քարով ցխենք»:

Ոստիկանությունն այսօր հանդես եկավ հայտարարությամբ տեղեկանելով, որ երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։

Երեկվա հանրահավաքը հանուն Հայաստանի անկախ դատական համակարգի եւ ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի էր: Երեկ, սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ ակցիայի հետ «Իմ քայլը» որեւէ կապ չունի:

Նշենք, որ հանրահավաքի մասնակիցներից շատերը հայտնի են Մանվել Գրիգորյանի դեմ ակցիայից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ