fbpx
Կրթություն

ՄԻՊ-ն առաջարկում է փոփոխել հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու չափանիշները

Հուլիսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՄԻՊ-ը դեռևս 2019 թվականին բողոքներ է ստացել այն մասին, որ երեխաների՝ իրենց բնակության վայրին մոտ հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու հարցի հետ կապված կան մի շարք խնդիրներ: Թեև այդ խնդիրները մասամբ լուծվել են, սակայն 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին շարունակվել են բողոքներ հասցեագրվել:

«2020 թվականին կատարված փոփոխությունների համաձայն՝ սովորողների ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվել է տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին: Թեև դպրոցի ընդունելության կարգը հստակեցվել է, սակայն փոփոխություններ կատարելիս կարևոր էր հաշվի առնել նաև բնակության վայրին մոտ բնակվող երեխաների ընդունելության համար առաջնահերթություններ սահմանելը:

Բնակության վայրին առավել մոտ դպրոց հաճախելու հետ կապված Պաշտպանը ստանում է բողոքողներ նաև 2021 թվականին: Ծնողները նշում են, որ երեխաներին իրենց բնակավայրից հեռու գտնվող դպրոց տանելը դժվարություններ է ստեղծում, հատկապես այն դեպքերում, երբ երեխան ունի հաշմանդամություն, տեղաշարժման հետ կապված խնդիրներ: Առանց այն էլ տրանսպորտային միջոցների և այլ միջավայրային հարցերում երեխաներն ու իրենց ծնողները բախվում են խնդիրների: Խնդիրն արդիական է նաև այն դեպքում, երբ ընտանիքում կան մանկահասակ և խնամքի կարիք ունեցող այլ երեխաներ:

Դա դժվարություններ է ստեղծում նաև հատկապես տարրական դասարաններում սովորող երեխաների ծնողների համար, որոնք աշխատում են: Ստիպված են լինում երեխաներին տանել դպրոց, որի պատճառով խնդիրներ են ունենում աշխատանքի վայրում:

Բնակության վայրը՝ որպես հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունվելու չափանիշ հաշվի չառնելը ծնողների համար առաջացնում է նաև ֆինանսական դժվարություններ:

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է կատարել համապատասխան փոփոխություններ, որով հանրակրթական ուսումնական հաստատություն ընդունելությունն իրականացնելիս չափանիշների թվում առավելություն կտրվի առաջնահերթ դպրոցին առավել մոտ բնակվող սովորողներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ