fbpx
Խորհրդարան

«Հանրաքվեի մասին» և «ՍԴ մասին» օրենքների փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ փետրվարի 6-ին նախատեսվող ԱԺ արտահերթ նիստի օրակարգի առնչությամբ։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Լուրեր են շրջում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 06-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Այս մասին Ազգային ժողովի պաշտոնական կայքում երեկ դրված տեղեկատվությունը հանվել է, սակայն նախագծերն արդեն հրապարակված են։

Փաթեթով մասնավորապես առաջարկվում է՝
– Մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր; նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով,
– Ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի ընդունած Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը, որն այժմ պատկանում է Հանրապետության նախագահին,
– Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունն անցկացնել Ազգային ժողովի ոչ միայն հերթական, այլ նաև արտահերթ նիստերի ընթացքում։

Գտնում ենք, որ նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով։

Սահմանադրական փոփոխությունների ընդունման, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության, Հանրապետության նախագահի լիազորությունների կրճատման հետ կապված փոփոխությունները, կարծում ենք, պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը՝ հասկանալու համար, թե որքանով են դրանք համապատասխանում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին:

Առայժմ այսքանը»:

https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/3435310389873997/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ