Հասարակություն
14:00 05/03/2020

Հանրաքվեին ոչ մի ընտրակեղծարար չի լինելու․ Սասուն Միքայելյան

Մենք ձգտելու ենք ապրել այն Հայաստանում, որը, ինչպես Վազգենն էր նշում, 21-րդ դարը մերը լինի: Այս մասին Եռաբլուրում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, որը ԵԿՄ անդամների հետ այցելել էր Եռաբլուր՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ:

Նա նշեց, որ քայլ-քայլ գնում ենք դեպի այն Հայաստանը, որը երազում էր թե´ Սպարապետը, թե´ մեր ժողովուրդը:

«Բնականաբար, մենք երբեք չենք հուսահատվում, կարողացանք իրոք ծնկի բելել մեր թշնամուն: Ինչպես նշում էր Սպարապետը, այս երկրի սահմանները գծվել են արյամբ և պետք ամրապնդվեն քրտինքով: Կամաց-կամաց պիտի աշխատանքներ տանենք, ամեն մի հայ իր բաժին բեռը վերցնի, որ ապրենք Վազգեն Սարգսյանի երազած երկրում»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանը նշեց, որ հաշվի առնելով տարածաշրջանում զարգացումները՝ խոշոր գերտերությունների վերադասվարումները, պետք է ամեն պահ ձեռքներս զարկերակին պահենք, պատրաստ լինենք տարբեր զարգացումների:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի փոփոխությանը՝ Սասուն Միքայելյանն ասաց, որ ճանաչում է Ջալալ Հարությունյանին, շատ լուրջ զինվորական է:

«Փոփոխություններ միշտ էլ կլինեն տարբեր բնագավառներում, և կամաց-կամաց պետք է իրենց գործի մեջ ունակ մարդիկ ղեկավարեն տարբեր բնագավառներում: Կարեն Աբրահամյանի ժամանակ նորմալ բանակ ենք ունեցել, և փոփոխությունը չի նշանակում, որ էն մարդիկ թերացումներ ունեն. լավին փոխարինում ենք ավելի լավով»,-հավելեց նա:

Մեկնաբանելով նաև այն հարցը՝ արդյո՞ք կան ծրագրեր ԵԿՄ-ն բանակի կազմում ներառելու վերաբերյալ, Սասուն Միքայելյանն ասաց, որ օրերս ԵԿՄ մարզային կառույցների նախագահների հետ ժողովի ժամանակ օրակարգում եղել է ԵԿՄ գործելաոճի փոփոխության հարցը:

«Ձեր ասածը հենց, չեմ ուզում փակագծեր բացել, ԵԿՄ-ն պետք է լինի ռեզերվային լուրջ ուժ բանակի թիկունքում»,-ասաց նա:

Ըստ նրա՝ աշխատանքներ են ընթանում ԵԿՄ-ի գումարտակ ստեղծելու ուղղությամբ:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և մտահոգություններին, թե կարող են ընտրակեղածարություններ լինել, Սասուն Միքայելյանն հավատացրեց, որ ոչ մի ընտրակեղծարար չի լինելու։

«Երևի հանրապետության առաջին հանրաքվեն է լինելու, որ անցնելու է ժողովրդավարական հիմունքներով և առանց խախտումների»,-եզրափակեց Միքայելյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ