fbpx
Քաղաքականություն

Հանրաքվեն էական մարտահրավերներ է ծնում ազգային անվտանգության համար. «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ի կայանալիք հանրաքվեի մասին, որում ասվում է, որ այն էական մարտահրավերներ է ծնում մեր ազգային անվտանգության համար և երկրում կորոնավիրուսի համաճարակի վտանգի պայմաններում հանրաքվե անցկացնելը հավասարազոր է գիտակցաբար համաճարակ առաջացնելու գործողության:

«Հայաստանի քաղպաշտպանության և առողջապահության համակարգերի անմխիթար վիճակի պայմաններում նման համաճարակը կարող է վերածվել ազգային աղետի»,-նշվում է հայտարարությունում:

Ըստ հայտարարության՝ Սահմանադրության ընդամենը մեկ հոդվածի փոփոխությամբ ՍԴ անդամներին հեռացնելու նպատակ հետապնդող այս հանրաքվեն «խորապես վիրավորում է մեր ազգային, քաղաքացիական ու մարդկային արժանապատվությունը և վտանգում է մեր ապագան»:

«Այն ստիպում է մեզ ընտրություն կատարել վատի և վատթարի միջև, առաջարկում է անցնել ապազգային ու հանցավոր կառավարման համակարգի թրի տակով, ինչն ըստ էության ոտնահարում է մեր կամքի ազատությունը և զրկում է մեզ իրական ընտրության հնարավորությունից, ինչպես նաև մեր ձեռքով զուգահեռաբար լեգիտիմացնում է կեղծ ու ապօրինի սահմանադրությունը և արդարացնում է տասնամյակների թալանն ու իրավունքի բռնադատումը:

Պատճառն այն է, որ 2018-ի համաժողովրդական ընդվզմամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հեղափոխություն անելու և ազգային համախմբմամբ վատի ու վատթարի միջև մահացու երկընտրանքից ազատագրվելու քայլեր կատարելու փոխարեն դարձան նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդ և մինչ օրս մեզ պահում են մերժված համակարգին, նրա կեղծ ու ապօրինի սահմանադրությանը, օրենքներին, ինստիտուտներին ու պաշտոնյաներին ենթակա կարգավիճակում՝ ստիպելով մնալ չարյաց փոքրագույնի փակուղում»,– ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ հանրաքվեն, լինելով ուղիղ ժողովրդավարության և ժողովրդաիշխանության շատ ընդունելի և գերադասելի գործիք, կոնկրետ այս պարագայում առաջացնելու է դրանց հակառակ արդյունք:

«Վերոգրյալի հաշվառմամբ գործող իշխանությունից պահանջում ենք արհեստականորեն չստեղծել ազգային անվտանգության նոր մարտահրավերներ, մասնավորապես՝ չվտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, չսահմանափակել ժողովրդի կամքի ազատությունը և նրան չներքաշել բացառապես իր պատճառով ձախողման եզրին հասած խնդիրների լուծման մեջ, այլ վերջապես ստանձնել հեղափոխության մանդատով իրեն տրված հանձնարարությունը և այդ մանդատի լիազորությամբ.

1)չեղարկել հանրաքվեն և լուծել ՍԴ հարցը՝ Ազգային ժողովի որոշմամբ կատարելով ներկայումս հանրաքվեի դրված սահմանադրության նույն հոդվածի փոփոխություն և/կամ նշանակելով ՍԴ դատավորներ և/կամ կիրառելով այլ տարբերակ,

2)հրաժարվել նախորդ հանցավոր ռեժիմների իրավահաջորդությունից, Ազգային ժողովի որոշմամբ իրավաքաղաքական գնահատական տալ նրանց գործունեությանը և ճանաչել պետության զավթման և իշխանության յուրացման փաստը,

3)հիմք ընդունելով իրավաքաղաքական գնահատականը՝ կազմակերպել անցումային արդարադատություն, այդ թվում.

– քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ), դրա շրջանակներում պատասխանատվության կանչելով նաև որպես պետության զավթման և իշխանության յուրացման գործիք ծառայած ՍԴ անդամներին,

– լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, այդ թվում արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը և դրանց պարագլուխների հանրային գործունեությունը,

4) ոչ առկա կեղծ ու ապօրինի սահմանադրությանը համապատասխան, այլ իշխանության աղբյուր ժողովրդի իրավունքի ուժով և միջազգային փորձի տեղայնացմամբ մինչև տարեվերջ կազմակերպել համաժողովրդական մասնակցությամբ նոր Սահմանադրության մշակման և հանրաքվեի գործընթաց»,– ասվում է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության հայտարարությունում, որն ստորագրել են Արա Պապյանը, Արկադի Վարդանյանը, Ալբերտ Բաղդասարյանը, Արմենակ Կյուրեղյանը, Վոլոդյա Ավետիսյանը և Եղիշե Պետրոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ