fbpx
Քաղաքականություն

Հանրույթի խնդիրը նախկինների լուսանցքների ներսում գտնվելու անոմալիան է․ Այվազյան

Narek Ayvazyan

Ալիևը 2020 թվականին հարձակվեց այն ժամանակ, երբ հակաիշխանությունները զգալիորեն կոտրել էին ժողովրդի ընկալումները իշխանությունների մասին, որի համար առաջին մեղավորն ու պատասխանատուն իշխանություններն էին։ Նրանք չկարողացան կոպեկ առ կոպեկ ժողովրդի թալանը վերադարձնել, նրանք չկարողացան տնտեսական հեղափոխություն անել, նրանք չկարողացան քովիդի դեմ պայքարը մեդիաասպարեզում ու գործնականում ճիշտ մատուցել, նրանք մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը չբացահայտեցին, ապրիլյան պատերազմի կորուստների մեղավորներին չբացահայտեցին, նրանք ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական ողջ եղելությունը չներկայացրեցին, անհասկանալի ու սխալ կադրերի առաջ մղեցին, նրանք հազար ու մի մեղավորություններ ունեն, որոնց համար վաղ թե ուշ կրելու են պատասխանատվություն։

Եվ այսօր խնդիրների խնդիրն է մնացել հանրույթի համար հենց նախկինների այսքան տկար վիճակով հանդերձ լուսանցքների ներսում գտնվելու անոմալիան։

Իմ ենթադրություններն ինձ ավելի դաժան տեղ են տանում։ Նախկինների մեջ որջ են դրել, և ի վերջո պարզվելու է ոչ միայն ռուսական ազդեցությունների կրողներն, այլև ադրբեջանական, ինչը չի բացահայտվում միայն մեկ հանգամանքի պատճառով՝ իշխանությունների ռուսական ազդեցության տակ մնալու պատճառով։

Իսկ ի՞նչ կարելի է սպասել մոտ ապագայում։ Ոչ մի լավ բան։ Վատ է լինելու շատ։ Ու հետո ավելի վատ է լինելու, ու էլի ու էլի, քանի դեռ մենք իշխանությունների ու հակաիշխանություննների շրջափուլում ենք գտնվում։

Այսինքն՝ ռուսական ծիրում գործող քաղաքական միավորների ու քրեական բանդաների արանքում, որոնք խաղում ու մանիպուլացնում են ժողովրդին իրենց շահերի համար։ Մարդ չգիտի այլևս, թե ինչ վատ բան սպասել։ Ավելի ճիշտ՝ գիտի։

Ամեն դեպքում, հիմա էլ է գնում ներքին համերաշխության պառակտման գործընթացներ, որը կարող է լինել նոր բախումների նախերգանք։ Այդտեղ դեր ունեն հենց նախկինները։ Համերաշխության տապալման գլխավոր իրագործողներն են նրանք, այնպես, ինչպես տարիներ շարունակ թալանել ու բռնության են ենթարկել պետությանը, քաղհանրույթին։ Հանրույթը, չնայած հասկացող, բայց անգործունյա է, կարծես հոգնել է ամեն ինչից և ուզում է ուղղակի գոյատևել։ Միայն քչերն են, որ ընկալում են այս ամենը և եզակիներն են, որ հյուծված ու կատաղի անցնելու են իրական պայքարի։

Այդպիսի պայքարի իրագործման մեջ մեծ նշանակություն եմ տալիս իշխանություններում, բաց և հակաիշխանություններում դեռևս պահպանված առողջ դատող անհատների գիտակցության գալը, որ լուսանցքից ներս պետք է հրավիրեն քաղհանրույթին և դա հաջորդելու է ներկայիս քաղաքաքրեական թոհուբոհին։

Հեղինակ՝ Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ