fbpx
Խորհրդարան

00:11 9/10/2019

Հարցը հետևյալն է․ դուք ուզում եք պետության գումարները վատնե՞լ․ փոխնախարարը՝ պատգամավորին

Մեղրու տնտեսական գոտու շուրջ ծագած խնդիրները հետևողական լուծումներ են պահանջում:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանձնաժողովի նիստում նշեց, որ եթե ցանկանում ենք ակտիվորեն զարգացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, ապա Մեղրու տնտեսական գոտին ունենալը խիստ անհրաժեշտություն է:

«Ոչ մի ապօրինի աճուրդ իրականացրած համայնքապետ, ոչ մի հարց մեր գործին չի կարող խանգարել: Մենք հիմա գնում ենք այդ ուղղությամբ: Երեք ամիս անց նորից պետք է հավաքվենք և հասկանանք, ինչ-որ բան փոխվել, տեղից շարժվե՞լ է, թե գործը մնացել է նույն տեղում: Մեր մոտեցումը դա է»,-ասաց Միքայել Մելքումյանը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն իր խոսքում ասաց, որ գոտու յուրահատկությունն այն է, որ այնտեղ մանրածախ առևտուր էլ է հնարավոր իրականացնել: Այն նաև արտադրաարդյունաբերական, լոգիստիկ գոտի է: Գործունեության ժամկետը մոտ 50 տարի է: 50-60 հեկտար տարածք է պահանջվում ազատ տնտեսական գոտու ամբողջությամբ գործունեություն իրականացնելու համար, սակայն այս պահին 1, 8 հա տրամադրվել: Սկզբնական փուլում նախատեսված էր 700 միլիոնի ծախս կատարել ԱՏԳ-ում, կատարվել է՝ 400 միլիոն:

Փոխնախարարի կարծիքով՝ մեկ մաքսակետի ստեղծումը 500-1 միլիոն դոլար է պահանջում պետությունից, իսկ զուտ տնտեսական գոտում գործունեություն ծավալող գործարարների պայմանագրերը չեն փոխհատուցում այդ ծախսը, դրանք կազմելու են մոտ 50 հազար դոլար: Իսկ եթե հետագայում ԱՏԳ տարածքն ընդլայնվի, մաքսակետը պետք է տեղափոխվի, ինչը ենթադրում է հավելյալ ծախս: Հողերի և շինարարի հետ կապված դատական գործընթաց կա և միայն դրա ավարտից ու հստակեցումներից հետո, ըստ փոխնախարարի, հնարավոր կլինի մաքսակետի տեղակայման տարածքը որոշել, ապա մտածել գործարկման մասին:

ԱՏԳ-ի վերաբերյալ հետաքրքրությունը կա և շահագործողների, և օպերատորների կողմից, այս պահն արդեն տասը տարբեր ընկերություններ հետաքրքրված են: Շահագործողները հիմնականում ՌԴ-ից և Իրանից են, օպերատորներից՝ շվեյցարական օպերատոր է հետաքրքրվել: Թե որքանո՞վ են այդ հետաքրքրություններն այս պահին գործնական, փոխնախարարը դեռ հստակ ասել չի կարող: Հետաքրքրություններն էլ ասում է, ընդհանուր են:

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ծախսի և փոխհատուցման անհամաչափության մասին փոխնախարարի դիտարկման հետ համամիտ չէ: Ըստ նրա, նախ վճարները տնտեսվարողներն ամեն ամիս են վճարելու, ուստի պետության կողմից կատարվելիք 500-1 միլիոն դոլար ծախսը կփոխհատուցվի ժամանակի ընթացքում: Բայցի այդ, ըստ նրա, շատ լավ շենքային պայմաններ կան, կարելի է ազատ տնտեսական գոտին շահագործել մինչև մյուս հարցերի կարգավորումը:

Փոխնախարարը համամիտ չէ, քանի որ մաքսային պահեստ է պետք՝ հավելյալ բոլոր բաղադրիչներով: «Երկրորդ Լարս չենք կարող ստեղծել», ասաց նա՝ հավելելով, որ քանի դեռ հողերի հարցը լուծված չէ, տնտեսվարողների հետ չեն կարողանալու երկարաժամկետ պայմանագրեր կնքել, լրացուցիչ ռիսկեր են առաջանալու: Նախարարությունում կատարված նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ այս պահին և այս իրավիճակով ԱՏԳ-ի շահագործումն իր տնտեսական հնարավոր էֆեկտով ձեռնտու չէ:

Վաղարշակ Հակոբյանը կրկին հակադրվեց փոխնախարարին. «Ինձ մոտ տպավորություն է, որ հարցը դիտարկում ենք այն տեսանկյունից, թե ինչպե՞ս հիմնավորենք ԱՏԳ-ի չաշխատելը»: Նա կարծում է, որ առայժմ կարելի է սկսել թեկուզ մանրածախ առևտրի մասով՝ նկատի ունենալով 50-100 մետր հեռավորությամբ Հայաստան-Իրան սահմանին տեղի ունեցող ակտիվ առևտուրը:

Փոխնախարարը ցավում է տպավորության համար. «Հարցը հետևյալն է՝ դուք ուզում եք պետության գումարները վատնե՞լ, մինչև հողերի հարցը չլուծվի, օպերատորների հարցը չլուծվի, ԱՏԳ-ն չի աշխատելու, իսկ այդ դեպքում ո՞վ է հարկատուների գումարները տալու: Ուզում եք գնանք ռիսկի՞: Գնանք՝ տեսնենք ի՞նչ է ստացվելու: Բայց այս պահին այս պայմաններով մենք ասում ենք՝ չի աշխատելու»:

Աղբյուրը՝ Aravot.am

Վերեվ