fbpx
Իրավական

Կայացել է ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկման ռեժիմների ընտրությանը և ՀԴՄ շահագործման կանոնների խախտմանը: Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեից։

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ շատ են դեպքերը, երբ հարկ վճարողները սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն չեն ներկայացնում: Հանձնաժողովն, ըստ էության, ուսումնասիրում է այն պատճառները, որոնք կարող էին խոչընդոտել հարկ վճարողին՝ այդ հայտարարությունը ներկայացնելու համար: Այդպիսի իրավիճակներ են ստեղծվում հիմնականում առողջական խնդիրների, նաև համավարակի շրջանում ինքնամեկուսացման պատճառով: Լինում են նաև տեխնիկական խոչընդոտներ: Նման դեպքերում, եթե հանձնաժողովի անդամները տեսնում են, որ հարկ վճարողը մեղավոր չէ, որ չի կարողացել այդ հիմքով ներկայացնել հայտարարությունը, դիմումները բավարարվում են:

Հանձնաժողվի նիստում քննարկված բողոքներով որոշումները մեծ մասամբ կայացվել են հօգուտ հարկ վճարողների: Ի թիվս 35 դիմում-բողոքների, բավարարվել է նաև «Պալմիրա Ֆուդ» ՍՊԸ-ի բողոքը: Պիցցաների պատրաստմամբ զբաղվող ընկերությունը, որը հիմնադրել է Շվեդիայից հայրենադարձված ամուսնական զույգը, օրեր առաջ մամուլում դժգոհություն էր ներկայացրել հարկային մարմնի գործողությունների և ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 600.000 դրամով տուգանվելու հետ կապված: Կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ անմիջապես ծառայողական քննություն է իրականացվել: Տնտեսվարողի դժգոհությունը լսվել է նաև ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում: Քննարկումների արդյունքում պարզվել է, որ մինչև խախտում արձանագրելը, ստուգիչ երկու գնման ժամանակ տնտեսվարողը տրամադրել էր ՀԴՄ կտրոն, իսկ երրորդ դեպքով, ըստ բողոքաբերի, չէր նկատել սեղանին դրված գումարը և կտրոն չէր տրվել: «Հանձնաժողովը հանգեց եզրակացության, որ հնարավոր է, որ հարկ վճարողը նկատած չլիներ գումարը և այդ է եղել պատճառը, որ ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։ Ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց հօգուտ տնտեսվարողի և բողոքը բավարարվեց»,-հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

Այսպիսով, նմանատիպ օրինակներով ևս վերահաստատվում է, որ տնտեսվարողին տուգանելու որոշումները անբեկանելի դատավճիռներ չեն: Լրատվամիջոցներում անհարկի աղմուկ բարձրացնելու փոխարեն յուրաքանչյուր գործարար պետք է նկատի ունենա, որ լիարժեք հնարավորություններ ունի ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում գործընկերային մթնոլորտում պաշտպանելու իր իրավունքները՝ եթե, ըստ իրեն, կայացվել են ոչ արդարացի որոշումներ կամ առկա են բողոքներ հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործության վերաբերյալ:

Բողոքարկման հանձնաժողովի տվյալներով 2021թ. 4 ամսվա ընթացքում քննարկվել է 613 բողոք, որից մերժվել է ընդամենը 241-ը, այսինքն շուրջ 39 տոկոսը: Մնացած դեպքերով հարկ վճարողների բողոքներn ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ