Քաղաքականություն

Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Մարտի 25-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի նախագահը կարևորեցին Հայաստանի և Արցախի կառավարման մարմինների միջև պարբերական շփումները և խորհրդակցությունները` տարածաշրջանում հայության առջև ծառացած խնդիրների համատեղ լուծման նպատակով:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ կատարվեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման, այդ թվում` տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը:

Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և ԱԳ նախարար Այվազյանը մտքեր փոխանակեցին հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից հումանիտար այս խնդրի անհարկի քաղաքականացումը:

Երկուստեք ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ առնչությամբ շեշտվեց իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման անկյունաքարային դերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ